Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում:
ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հուլիսի 23-ին և լույս 24-ի գիշերը հակառակորդի կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:
Անդրադառնալով ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, վերջին օրերին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներին, պետք է նշել, որ վերջին շրջանում շփման գծում տիրող հարաբերական «հանգիստը» պայմանավորված էր Բաքվում տեղի ունեցող եվրոպական խաղերով: Բնական է, որ այդ շրջանում Ադրբեջանը գտնվելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և ցանկանալով զերծ մնալ իր հասցեին ուղղված մեղադրանքներից ու քննադատություններից, որոշ ժամանակով «զինադադար» էր վերցրել:
Ինչպես գիտենք, եվրոպական խաղերն արդեն անցյալում են և, փաստորեն, Ադրբեջանն անցել է իր «հին ու բարի ավանդույթներին»:
Մի կարևոր հանգամանք ևս. ակնհայտ է, որ սահմանին իրավիճակը լարվում է և հրադադարի ռեժիմի խախտումներն ավելի հաճախակի են դառնում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները այցելում են մեր տարածաշրջան:
Հ.Գ. Այս կերպ Ադրբեջանն անընդհատ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ պատերազմական գործողությունները դեռ չեն ավարտվել:
Տաթև Տիգրանյան