Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների ամփոփմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիսի կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3,8 տոկոսով։ Դրական դինամիկա են գրանցել տնտեսության բոլոր ճյուղերը՝ արդյունաբերության աճը կազմել է 5,1 տոկոս, գյուղատնտեսությանը' 14.5 տոկոս, ծառայությունները' 3,3 տոկոս, շինարարությունը' 0.6 տոկոս, բացառություն են կազմում առևտրի շրջանառությունը, որը նախորդ տարվա հունիսի համեմատ կրճատվել է 6,6%-ով, հունվար-հունիսին՝ 8,2 տոկոսով: Սակայն առևտրաշրջանառության ծավալներն ամսական կտրվածքով՝ հունիսը մայիսի նկատմամբ արձանագրում է դրական դինամիկա ՝ աճ 16,4 տոկոսով:

 


Աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ, ինչպես նաև արդյունաբերության արտադրանքի ծավալների աճով:
Հունվար-հունիս ամիսներին գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առևտրի շրջանառությունում' 973 մլրդ 735 մլն դրամ: Երկրորդը արդյունաբերության արտադրանքի ծավալն է' 613 մլրդ 639 մլն դրամ, երրորդը'ծառայությունների ծավալը' 537 մլրդ 899 մլն դրամ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 235 մլրդ 551 մլն դրամ, շինարարությանը' 134 մլրդ 914 մլն դրամ:

 


Արտաքին առևտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հունիսին 2014-ի հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 29,8 տոկոսով և կազմել 1 մլրդ 932 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 624,8 մլն դոլար, նվազելով 11,2 տոկոսով, ներմուծումը կազմել է գրեթե 1 մլրդ 308 մլն դոլար, նվազելով 36,2 տոկոսով։
Թեպետ վիճակագրական վարչությունը տեղեկացնում է , որ 2015թ. հունվար-հունիս ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն' պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման: Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևե-ի՝ դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ:

 


ՀՀ սպառողական շուկայում հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 1.4% գնանկում: Պարենային ապրանքների գնանկումը կազմում է 3.0%, պայմանավորված սեզոնային միրգ-բանջարեղենի գների նվազմամբ: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.1-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.5%-ով:

 


Հիշեցնեմ, որ տարեսկզբին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումները բացասական էին:
ԱՄՀ-ն հայտարարեց, թե Հայաստանը տարին կամփոփի 0 տոկոս տնտեսական աճով, ՎԶԵԲ-Ը կանխատեսեց 1,5 տոկոս տնտեսական անկում: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ սպասվում է 0,8 տոկոս աճ, Եվրասիական բանկը նույնպես աճ է կանխատեսում' 1,6 տոկոս, Ասիական բանկը եւս' 1,8 տոկոս աճ:

 


ՀՀ պետական բյուջեով էլ դրված է տարվա կտրվածքով 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչև 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ:

 

 

Անի Սանոսյան