Գիտես, ես ազատագրել եմ հոգիս, վերցրել դրել եմ փոքրիկ տուփի մեջ ու սպասում եմ, թե երբ է ձայն հանելու, որ հանեմ տուփից ու բոլորին ցույց տամ, որ խեղճ չեմ, հանգիստ չեմ, սովորական միս ու արյունից չեմ… Առաջին անգամ, երբ ձեռքս բռնած ինձ սովորեցնում էին նկարել, ձեռքս հուզմունքից թրջվել էր: Ես ուղիղ գիծ չէի կարողանում գծել, չէի կարողանում գույների մեջ իմ գույնը գտնել, որովհետև մի բան կար, որ խանգարում էր արվեստների մեջ՝ խելագարություն, որ մինչև չես խելագարվում, չես կարողանում տեսնել, զգալ, բայց գիտես, հետո խելագարվեցի, բայց նկարիչ չդարձա, հիմա ուղղակի գրում եմ, բայց ոչ իմ համար: Հոգիս չենթարկվեց ինձ, դուրս եկավ, ձայնը գլուխը գցած նայեց աշխարհին ու լռեց, հասկացա, որ ընդմիջումը ընթացք է, որտեղ ժամանակի մեջ ինքնուրույն ես քո լռության ու քո աներևակայելի պատկերի առաջ՝ միայնակ:

 

 

Գիտես, ես իմ առաջին աշխատավարձով ոչ ուտելու և ոչ էլ հագնելու բան չգնեցի, գրպանս առած առաջին ստեղծած գումարով գիրք գնեցի ու ես այնքան հպարտ էի… ու հաճախ կրկնում եմ՝ ամենալավ գիրքն աշխարհում Ձեր խիղճն է. հաճախ թերթեք այն: Հաճախ եմ ներողություն խնդրում, հաճախ նաև ինքս ինձնից, հետո… Հայաստանը Աստծո տված աշխարհ է, մնում է այն մենք շա~տ սիրենք, ըստ էության... գնահատենք մեզ տրված արևի ջերմությունը, չնեղացնենք բնությանը... Մեզնից շատերն են վախենում, որովհետև մենք հաղթահարել ենք չարին: Պարզապես մեր երկիրը սխալ կառավարողների ձեռքերում է, բայց դա էլ ժամանակավոր բնույթ է կրում, որովհետև մի օր տեսնելու ենք կրկին մեր երկրի վերածնունդը...

 

 

Մարդիկ կան, որոնց կյանքն արդեն իսկ արժևորված է, քանի որ նրանք լույս աշխարհ են եկել, քանի որ հնարավորթյուն ունեն ապրելու, ամեն առավոտ արթնանալու, զգալու կյանքը, արևի ջերմությունը, ծառ ու ծաղկի, մաքուր օդի, ապրելու, ստեղծագործելու, հարազատներին տեսնելու, ՄՈՐԸ ԳՐԿԵԼՈՒ: Ի՞նչ կա կյանքում ավելի թանկ, քան ամեն օր հարազատ մոր աչքերին նայելը: Իսկ գիտեի՞ք, որ կան մարդիկ, ովքեր դրանից էլ են զրկված, իսկ մենք ընկել ենք պատրանքների հետևից, կյանք ենք փնտրում մեզնից դուրս:

 

Երբեմն նեղանում եմ ինձնից, այսօրվա անարդարություններից ու ուզում եմ գնալ, հեռու, որովհետև իմ երկիրն ինձ խորթ է, որովհետև իմ երկրում ես ինձ լավ չեմ զգում, բայց հետո հանդատեցնում եմ ինձ: Պատասխանում եմ ինքս ինձ. Չեմ գնալու իմ երկրից, մնալու եմ…. ԴՈւ հպարտության նկատմամբ տարած իմ ամենամեծ հաղթանակն ես… ՀԱՅԱՍՏԱՆ… Շատ մեծ քաջություն է պահանջվում բաց թողնել խոսքը, երբ չես կարողանում գտնել հասցեատիրոջը կամ գտնում ես ու չես կարողանում տեղ հասցնել, որովհետև արժեքները տարբեր են, մարդն էլ արժանի Է նրան, ինչ ձեռք է բերել… ու հիմա չգիտեմ երջանկացրել կամ տխրեցրել եմ մարդուն իմ խոսքով, որովհետև հաճախ չէ, որ ճիշտ ես լինում ու ոչ էլ կատարյալ…

 

 

Մի շատ կարևոր բան եմ ուզում խնդրել, փրկություն, փրկություն, որ մեր ժողովուրդը ապրի իր երկրում, չհիասթափվի, հավատա՛, անտարբեր չլինի… թո՛ղ, մարդկային զոհեր չլինեն, միմիայն առողջ լինենք ու հաղթական, մնացածը ժամանակը իր տեղ կգցի ամեն բան… Աստված մեզ հետ է, մեր կողքին, մնում է սիրենք մեր երկիրը, այն փայփայենք ու փոքրիկ երեխայի նման թողենք, որ ազատ ապրի, չբարուրենք, չքնեցնենք, միևնույն է մեր ազատությունը վեհ է ամեն բանից, ոտքերը դուրս է հանելու... Ազատվելու է գերությունից...

 

 

 

Արթուր Հայրապետյան