Ապահով Հայաստանի անապահով երեխաները

Ապահով Հայաստանով այսօր ես երկու ընկերներս ու փոքր եղբայրս գնում էինք Հանքավան: Հրազդան-հանքավան ավտոճանապարհին՝ Արտավազդ գյուղի մոտ (նախկին անունը Թաքառլու) մի փոքրահասակ տղա գոռալով կանգնացրեց մեքենան:

-Ինձ հանքավան կտանեք: Դե ընկերս, որ վարում էր մեքենան, ասեց նստի ազիզ ջան: Նստեց երեխան, մյուս ընկերս էլ թե բա ի՞նչ կա հանքավանում, մենակ գնում ես, քանի տարեկան ես, ու տենց հարցեր:

Երեխան էլ ասեց, որ գնում է հանքավանի հանգստյան գոտու մոտից շշերը հավաքի, բերի գյուղի խանութ, հանձնի, ու եթե 34 շիշ հավաքի , խանութի աշխատողն իրեն 5 հաց կտա, ու եսօր այդ հացը կուտեն:

Եղբայրս, որ տենց բան դեռ չէր տեսել, մենակ հայհոյում էր իշխանություններին, ես լռում էի, ընկերներս հարցեր էին տալիս;

Պարզվեց, որ իրանց գյուղում էլ ընտրակաշառք բաժանել են, բայց իր մայրիկին ու տատիկին այդ տարիքով փող բաժանողները չեն տվել, պարզվեց, որ երեխայի հայրը խոպանում մահացել է 2002 թվականին, ինքը ունի 17 տարեկան քույր, ու ամեն օր շիշ է հավաքում, և խանութից հաց վերցնում:

Իսկ այդ ամենից հետո եկել եմ Երևան, տեսնում եմ Սերժի, Րաֆֆու, Լևոնի, Ռոբերտի, Ծառուկյանի, չգիտեմ մնացածների պայքարն ու...

Հիմա ես մի բան եմ հարցնում, ու՞ր է այն ապահով հայաստանը, որի մասին ասում էի՞ք: Գնացեք գյուղերը, տեսեք թե մարդիկ ինչքան վատ են ապրում, իջեք ջիպերից, հոգացեք մարդկանց մասին, թե չէ այդ երեխան մի օր որ մեծացավ, ձեզանից վրեժխնդիր է լինելու, նախ որ իր հայրը ստիպված գնացել է խոպան, հետո, որ այժմ ինքը ամենաանապահովն է:

Ահա, մեր ապահով Հայաստանը:

Իմ ապահովությունը այդ երեխան էր, որ մուրացկանություն չէր անում, այլ 13 տարեկանում գնում էր, ու շիշ հավաքում, որ իր աշխատանքով տան հացը տանի ու տա:

Կեցցե այդ երեխան, ու կորչեն այս իշխանությունները: Կորչի քաղաքականոթւյունը, մեր ապագան այդ երեխաներն են...

Հարություն Մկրտչյան