Սիրիային սահմանակից թուրքական Ուրֆայի շրջանի Ուրուչ քաղաքը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, որն ակներևաբար իրականացրել են սուննի ծայրահեղական ահաբեկիչները:
Կոնկրետ այս համատեքստում, ըստ իս, ամենևին էլ կարևոր չէ, որ հարձակման են ենթարկվել քրդերը կամ ավելի ճիշտ հիմնականում քրդական էթնիկական հիմքի վրա ձևավորված ձախ հայացքներ ունեցող հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Բոլորովին անկարևոր է նաև այն, որ հարձակման մեջ, հնարավոր է, իրենց գաղտնի դերակատարությունն ունենան նաև թուրքական իշխանությունները, որոնք խիստ անհանգստացած են Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ շրջաններում հիմնականում «Քրդստանի բանվորական կուսակցությանը» հարող այս կամ այն կառույցի հանդեպ համակրանք տածող քուրդ բնակչության միջև անդրսահմանային համերաշխության և համագործակցության դրսևորումներից:
Տվյալ պարագայում կարևորն այն է, որ թեկուզ և ձևական առումով, բայց այսուհանդերձ թուրքական համարվող քաղաքը ենթարկվել է ահաբեկչական հարձակման ծայրահեղական մի ուժի կողմից, որի հետ նույն թուրքական իշխանությունները ներքաշվել են չափազանց վտանգավոր խաղի մեջ՝ պատկերավոր ասած՝ փորձելով հրդեհել չոր խոտով պատված հարևանի դաշտն այն դեպքում, երբ իրենց խոտի դեզը նույն այդ դաշտի ծայրին է:
Այս առումով, եթե նույնիսկ այս հարձակումը հրահրված էր հենց թուրքական իշխանությունների կողմից, ապա կասկած չի կարող լինել, որ այս երկրում ապագա ահաբեկչական հարձակումներն անպայմանորեն լինելու են ծայրահեղ իսլամիստների «ինքնագործունեության» արդյունք, քանզի փորձը ցույց է տալիս, որ ահաբեկչության «ջինը» շշից բաց թողնելով, ոչ միայն խնդիրները չեն լուծվում, այլ հենց նման անմիտ գործողություն իրականացողն է հայտնվում դրա առաջնային թիրախների թվում:
Վարդան Ոսկանյան