Եվրոպական Խորհրդի նախագահը տարածաշրջանային այցով գտնվում է Երևանում: Բնականաբար, ներկայիս ստեղծված իրավիճակում Դոնալդ Տուսկի այցը Հայաստան արդեն իսկ հետաքրքիր է: Կարծես թե Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքական վեկտորը անցած տարվա սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո արդեն ընտրել էր և այն ուղղել, համենայնդեպս, ոչ Արևմուտք: Սակայն իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունների որդեգրած արտաքին «և-և»-ի քաղաքականությունը իրողությանը ավելի մոտ է կանգնած, քան «կամ-կամ»-ի՝ առաջին հայացքից իրական ճշմարտությունը:
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո մի պահ խավարի մեջ էր բոլոր այն սպասումները, որոնք կարող էինք ունենալ Արևմուտքից՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Սակայն ամենահուժկու «հարվածը» բերեց Ռիգայի գագաթնաժողովը: Կարծես՝ այն նոր դուռ էր Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա: Եվրոպական Խորհրդի նախագահի ժամանումը կարելի է ասել նաև Ռիգայի շարունակություն է պարունակում իր մեջ: Հատկանշական է, որ Տուսկը հաստատում է՝ ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում այն բանին, որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ:
Սակայն հիմնական ինտրիգը, բնականաբար, Սահմանադրական բարեփոխումներն են այս կոնտեքստում: Ընդհանրապես, փոքր պետությունների համար, ինչպիսին է Հայաստանը, իսկապես խնդիր է արտաքին գերտերությունների հետ պահպանել հարաբերական անդորր: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, որպես ռազմավարական դաշնակից երկրներ: Իսկ ահա արևմուտքի հարցում, հասկանալի պատճառներով, մի փոքր այլ է իրավիճակը:
Հայաստանի համար մոտենում է շատ կարևոր մի փուլ, որտեղ դրված է Սահմանադրական հանրաքվեի հարցը, որն էլ լինելու է Հայաստանի, կարելի է ասել մոտակա տարիների, ռազմավարական տեսլականը: Հատկանշական է, որ Սահմանադրական բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, ասել է թե՝ Եվրոպայի ուշադրության կենտրոնում են և նույն Եվրոպան էլ չի ցանկանա, որ Հայսատանում ընդունվի մի այնպիսի Սահմանադրություն, որը կամրապնդի ռուսական ներկայությունը տարածաշրջանում:
Ինչևէ, այն, որ Եվրոպական ներկայությունը Հայաստանում այս փուլում շատ կարևոր է, դա անհերքելի է: Մնում է մեզ հուսալ, որ անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կստանա Սահմանադրական բարեփոխումների զարգացումները, ժողովրդի կամքը արտահայտված լինի այդ զարգացումներում՝ իր մեջ ամփոփելով Արևմուտքի և Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումները՝ հիմքում ունենալով Հայկական իրողության կարևորությունը:
Աշոտ Ծորմուտյան