Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիվաշվիլիի կարծիքով՝ «Ռուսթավիի վերանորոգված թիվ 16 բանտում ամեն բան լավ է, ուղղակի այդտեղ մեկ բանի պակաս կա, դա Սաակաշվիլին է»: Այդ մասին Ղարիբաշվիլին կատակել է կառավարության նիստի ժամանակ, երբ ներկաների անունից շնորհակալությւոն է հայտնել քրեակատարողական հիմնարկների ոլորտում բարեփոխումների իրականացնելու գործում մեծ ավանդ ունեցած նախկին և գործող նախարարաներին, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլիին, ում նախաձեռնությամբ էլ, ըստ վարչապետի, իրականացվեց նշված գործընթացը:


Ղարիբաշվիլիի խոսքով' բարեփոխումների արդյունքում նշված բնագավառում ձեռբերումներն ակնհայտ են: Ըստ նրա, նախկինում մեկ խցում պահվել է գրեթե 150 կալանավոր, ինչն անընդունելի երևույթ է: Ղարիբաշվիլին նաև հիշեցրել է, որ Սաակաշվիլիի իշխանության տարիներին մարդկանց բանտերում ծեծում էին, հալածում, նույնիսկ բռնաբարում, իսկ ներկայում պայմաններն անճանաչելիորեն փոխվել են, ինչում նրա հավաստմամբ հասարակությունը կարող է համոզվել ԶԼՄ-ների կողմից իրականացվող լուսաբանումներից:


Հ.Գ. Հայտնի է, որ Սաակաշվիլիի նկատմամբ Վրաստանի դատախազությունը հայտարարել է հետախուզում: Մի քանի անգամ այդ գերատեսչությունը նույնիսկ դիմել է որոշ գործընկեր պետությունների Սաակաշվիլիի արտահանձնելու պահանջով, ինչը, սակայն, մերժվել է, օրինակ Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի կողմից: Ղարիբաշվիլին, փաստորեն, հույսը չի կորցնում, որ Սաակաշվիլին, ի վերջո, կհայտնվի բանտում, ինչի մասին նախկինում բազմիցս հայտարարել էր դեռևս նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլին:

 

Ալիկ Էրոյանց