Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ԱՄՆ Պետքարտուղարության և ԱՄէ-ի ԱԳՆ-ի համատեղ նախաձեռնությամբ բացվել է Sawab (արաբերենից թարգմանաբար՝ ճշմարիտ ուղի) անվանումը ստացած այլընտրանքային տեղեկատվական կենտրոնը, որի նպատակը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ տեղեկատվական պայքարի իրականացումն է։
Նորաստեղծ կենտրոնի հիմնական գործառույթները հետևյալն են՝ օգտագործել բոլոր հնարավոր օնլայն-գործիքները և նախաձեռնություններն՝ աջակցելու ԻՊ-ի դեմ պայքար իրականացնող միջազգային ռազմական կոլիցիային՝ տեղեկատվական դաշտում ծայրահեղական կառույցի քարոզչական գործունեությունը հնարավորինս կանխելու նպատակով։ Բացի նշվածից, Sawab-ը փորձելու է առավել ակտիվացնել տարածաշրջանի առավել չափավոր և հանդուրժողական տարրերի քարոզչությունն՝ ի հակակշիռ ծայրահեղականների։
Եթե Brookings-ի ինստիտուտի փորձագետների կողմից վերջերս իրականացված ուսումնասիրության համաձայն Twitter սոցիալական ցանցում ԻՊ-ն ունի շուրջ 46 հազար հաշիվ, ապա նորաստեղծ կառույցի մասնագետների հաղորդմամբ՝ միայն իսլամականների թվիթերյան հաշիվների թիվը հասնում է 90 հազարի․ այս պարագայում, հաջող քարոզչական գործունեության շնորհիվ կառույցին հաջողվում է ամսական կտրվածքով հավաքագրել միջինը 3400 արտասահմանցի «ջիհադականի»։
Արմեն Պետրոսյան