Վիզաների միավորված կենտրոնից դժգոհող քաղաքացիների ձայնը վերջապես լսելի եղավ: ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել ու հինգշաբթի օրը իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարի:

 


Հայաստանում Լիտվայի, Հունաստանի և մի քանի այլ դեսպանատներ դիմող քաղաքացիներին վերջին շրջանում խորհուրդ են տալիս դիմել Սախարովի հրապարակում գործող միավորված վիզաների դիմումների կենտրոն:
Ամիսներ առաջ, երբ Հունաստանի դեսպանատունը հայտարարեց վիզաների կենտրոնի բացման մասին, նշվեց, որ հաշվի է առնվել տարածաշրջանում Հունաստան ճամփորդողների պահանջի ավելացումը, և նպատակը դիմորդներին նոր ծառայություններ առաջարկելն է:

 


Հարկ է նշել, որ քաղաքացիները վերջին մի քանի օրերին հերթեր են կանգնում վիզաների կենտրոնում: Դիմողները բողոքում են սպասարկումից, ասում են, որ վճարում են լրացուցիչ 12 հազար դրամ ու փոխարենը ստանում լրացուցիչ անհարմարություններ: Քաղաքացիները միաձայն պնդում են, որ քաշքշուկներն ավելացել են, որոշ դեպքերում աշխատակիցները փորձառության պակաս ունեն, նույնիսկ պահանջված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չեն հայտնում, կամ փաստաթղթերի լրացման համար չափազանց շատ ժամանակ են ծախսում:

 


Եվ հետո անհասկանալի է, թե ինչու են վիզային կենտրոնում գրանցվելուց հետո քաղաքացիները ստիպված լինում կրկին դիմել դեսպանատուն՝ հյուպատոսի հետ հարցազրույցի համար:
Սախարովի հրապարակում գործող «Ինտերստամպ» ընկերության ներկայացուցիչները հրաժարվում են պատասխանել լրատվամիջոցների հարցերին:

 


Առնվազն տարօրինակ է, որ դեսպանատներն իրենց դիմողներին ուղղորդում են մի կազմակերպություն, որտեղ քաղաքացիները օրեր շարունակ հերթեր են կանգնում: Խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, հակառակ դեպքում Հունաստան կամ Լիտվա մեկնողները ստիպված կլինեն իրենց հանգիստը կազմակերպել վիզաների միավորված կենտրոններում:

 

 

Արմեն Վարդանյան