Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշման համաձայն, հուլիսի 13-ին՝ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին սահմանվեց որպես ոչ աշխատանքային (մեռելոց):

 

Սակայն հաշվի առնելով պետության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների կարևորությունը, վարչապետի հանձնարարությամբ, մի շարք պետական մարմինները երկուշաբթի կպահպանեն աշխատանքային ռեժիմը՝ ԴԱՀԿ, կադաստրի ստորաբաժանումներ, ինչպես նաև՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:


Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:

 

Մեռելոցը աշխատանքային-ոչ աշխատանքային հայտարարելու շուրջ կարծիքներն իրարամերժ են, շատ ժամանակ ծայրահեղ տարբեր դրսևորումներով:

 

Մայր Աթոռը պնդում է, որ նկատի առնելով, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, ապա անհրաժեշտ է, որպեսզի տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը սահմանվեն որպես ոչ աշխատանքային:

 

Դա ըստ Մայր Աթոռի հնարավորություն կընձեռի մարդկանց այցելելու Եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողություններին, ինչը աշխատանքային օրվա պարագայում բազմաթիվ խնդիրներ է հարուցում:

 

Գործարարները պնդում են, որ աշխատանքային երկուշաբթին ոչ աշխատանքային շաբաթով փոխարինելը տնտեսական գործունեության տեսանկյունից իրենց վնասներ է բերում, մանավանդ նրանց, ովքեր արտաքին աշխարհի հետ գործարար շփումների, գործարքների մեջ են:

 

Վերջիններս նշում են, որ եթե նույնիսկ շաբաթ օրը աշխատանքային է և բանկերն ու բիզնեսի համար մյուս կարևոր օբյեկտները աշխատում են, իրենք այդ սուբյեկտների միջոցով արտերկրի գործընկերների հետ գործարքներ չեն կարող իրականացնել. արտերկրում ոչ աշխատանքային օրեր են:

 

Նույն ԵԱՏՄ ձևաչափում ամենօրյա աշխատանքային պրոցեսներ են, իսկ Հայաստանը որպես այդ տնտեսական միության երկիր, ոչ աշխատանքային երկուշաբթիների հետևանքով, համագործակցության առումով աշխատանքային կնճիռներ է ունենում:


Կարծես թե կողմերն իրենց փաստարկներն ունեն՝ անհրաժեշտ հիմնավորումներով, իսկ որոշում կայացնող մարմինը կառավարությունն է, որի որոշումները հասկանալի կերպով կողմերից մեկին չեն բավարարում: Ու սա այն դեպքում, որ բոլոր կողմերի մոտեցումներն էլ Գործադիրում, մեծ առումով, ընկալելի են:

 

Վարչապետը հարցի առնչությամբ կիսում է տնտեսվարողների մտահոգությունները և հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու և գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձևավորելու նպատակով:

 

Վարդավառին հաջորդող երկուշաբթին՝ հուլիսի 13-ը, կլինի ոչ աշխատանքային, սակայն կառավարությունը վերջնական որոշում չունի, թե արդյո՞ք սրանից հետո բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները պետք է լինեն ոչ աշխատանքային՝ հաշվի առնելով խնդրի տնտեսական բաղադրիչը:


Կառավարության վերջնական որոշումը կախված է հանրային ակտիվ քննարկումների արդյունքից: Սա խնդիր է, որի հիմքում մի կողմից հոգևոր-արժեհամակարգային հարցերն են, մյուս կողմից՝ տնտեսական շահերը (կամ կորուստները):

 

Տիգրան Աբրահամյան