Չնայած մի քանի անգամ բացատրել ու պարզաբանել ենք շարժական արագաչափերի կիրառման նշանակությունն ու անհրաժեշտությունը, բայց կան մարդիկ, որոնք շարունակում են շահարկել խնդիրը, սարքի բուն գործառույթին վերագրել ամենաանհավանական նպատակներ:
Կրկնում ենք՝ շարժական արագաչափ սարքի կիրառման նպատակը մեկն է՝ ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը:
Մեկ անգամ ևս մանրակրկիտ բացատրում ենք:
Շարժական արագաչափը, ինչպես և տեղեկացրել էինք, կիրառվելու է կոնկրետ կիրակի օրը՝ Վարդավառի տոնին, կոնկրետ՝ Երևան-Սևան, Սևան-Երևան ճանապարհին, քանի որ այդ օրը երթևեկությունը նշված ճանապարհին լինելու է ինտենսիվ, ծանրաբեռնված, և նախորդ տարիների վիճակագրությունը փաստում է, որ նշված տոնի օրը և նշված ճանապարհին վթարայնությունն աճում է:
Որոշ մարդկանց մտահոգությունը, թե խնդիրը տուգանքներ ապահովելն է, անհիմն է, քանի որ այդ դեպքում ոստիկանությունն օրեր շարունակ չէր զգուշացնի սարքի կիրառման մասին, չէր հայտնի համապատասխան ճանապարհահատվածը:
Եվս մեկ անգամ նշում ենք՝ արագաչափ սարքը կիրառվելու է միայն այդ օրը՝ հուլիսի 12-ին: Հաջորդող օրերին ճանապարհային ոստիկանությունն իր ամենօրյա ծառայության մեջ դրանք չի օգտագործելու: Սարքը կկիրառվի միայն նմանատիպ իրավիճակներում, երբ դարձյալ ինտենսիվ երթևեկությունը հնարավորինս անվտանգ դարձնելու խնդիր առաջանա: Այդ մասին, ինչպես այս անգամ, նախապես կտեղեկացվի քաղաքացիներին:
Հ.Գ. Ցանկալի կլիներ, որ արագաչափ սարքի կիրառմամբ մտահոգները անհիմն վարկածներ տարածելու փոխարեն մեր քաղաքացիներին գոնե մեկ անգամ կոչ անեին պահպանել երթևեկության կանոնները՝ դժբախտ պատահարներից զերծ մնալու համար:
Աշոտ Ահարոնյան