«Ի լրումն երեկվա հոդվածի.

 

2012 թվականից մինչև օրս ՀՀ յուրաքանչյուր վարորդ արագաչափերի և տեսախցիկների տվյալների հիման վրա կազմված արձանագրություններով վճարել է միջինը 70 հազար դրամ:

 

Հայաստանում չկա ոչ մի վարորդ, որ արագաչափերի և տեսախցիկների կողմից չի տուգանվել՝ առնվազն մի քանի անգամ (միջինը յոթ անգամ):

 

Բոլոր նրանք, ովքեր նորմալ են համարում այս թվաբանությունը նշանակում է, պիտի ընդունեն, որ Հայաստանում բնականոն երթևեկություն չկա և մեր ճանապարհներին տիրում է համատարած քաոս:

 

Սա էլ նշանակում է՝ երթևեկության կազմակերպման համար պատասխանատու պաշտոյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության, որովհետև՝

 

-կամ վարորդական իրավունք են տվել մարդկանց, որ պիտի չտային,
-կամ երթևեկությունը կազմակերպում են այնպես, որ հնարավոր չլինի կարգապահությունը,
-կամ էլ ոստիկանությունն առաջնորդվում է վարորդների «գրպանը պլան գցելու և բռնելու» տրամաբանությամբ:

 

Ի դեպ, արագաչափերի պատժողական քաղաքականության արդյունքում խախտումների քանակը տարեցտարի ավելանում է, ընդ որում՝ երկրաչափական պրոգրեսիայով:

 

Ստացվում է՝ որքան շատ են տուգանում, այնքան շատ են խախտում:

 

Սա նշանակում է, որ երթևեկության կանոնների խախտումները կանխարգելելու պետության ընթացիկ քաղաքականությունը անարդյունավետ է: Կամ էլ՝ վարվող քաղաքականության միակ նպատակը մարդկանց հարստահարելն է:

 

Արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սիքյուրիտի դրիմ» ընկերությունը 2012 թվականից մինչ օրս տուգանքների դիմաց գանձված գումարներից ստացել է 10-12 միլիարդ դրամ:

 

Նիկոլ Փաշինյան