Մենք մոլորության մեջ ենք, եթե ցանկանում ենք Հայաստանում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան և միաժամանակ՝ ազգային ապրելակերպ:
Մենք մոլորության մեջ ենք, եթե մտածում ենք, որ առանց յուրաքանչյուրիս ակտիվ ու նպատակային գործունեության Հայաստանում առհասարակ ինչ-որ բան է փոխվելու:
Մենք մոլորության մեջ ենք, եթե մեր հույսերը դնում ենք աստծո, բնության, ազգի, փառավոր անցյալի, ճակատագրի կամ ուրիշների վրա: Աշխարհը փոխում են կոնկրետ մարդիկ, և կարևորը ոչ թե նրա ազգն է, այլ նրա տեսակը՝ ինտելեկտուալ, թե ոչ, հումանիստ, թե ոչ, կամային, թե ոչ, և այլն:
Միևնույն ժամանակ մենք մոլորության մեջ ենք, եթե կարծում ենք, որ մարդ միայնակ կարող է ինչ-որ բաներ փոխել: Դրա համար անպայման պետք է համակարգ՝ թիմ, լինի այն կուսակցության, միության, ընկերության, համախոհների բանակի կամ մեկ այլ համակարգի տեսքով: Իրականում հանրության 10 տոկոսը կարող է փոխել մյուս 90 տոկոսի մտածելակերպն ու ապրելակերպը, դա 10 տոկոսի տեսակի և ժամանակի հարց է:
Մովսես Դեմիրճյան