Ստեփանակերտի քաղաքապետարանի բարեկարգման ծրագրի շրջանակներում շարունակվում են հիմնանորոգվել, վերակառուցվել և հաճելի տեսք ստանալ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը, փողոցներն ու մայթերը, պուրակները, զբոսայգիները, աստիճահարթակներն ու հենապատերը:


Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ վերանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներից հետո վերջերս ներդաշնակ և գողտրիկ անկյունների են վերածվել նախկինում ճարտարապետական դեմքն աղավաղված մի շարք շինություններ, կառույցներ, փողոցներ, պուրակներ:


Մասնավորապես հիմնանորգվել են բազմաբնակարան շենքերի ճակատները, ասֆալտապատվել մի շարք փողոցների վրա գտնվող առանձին ճանապարհահատվածներ ու մայթեր, վերակառուցվել մի շարք հենապատեր:
Առանձնապես Ստեփանակերտում աչքի են ընկնում նորոգ աղբյուրներն ու ցայտաղբյուրները, կանաչ և ծաղկուն սիզամարգերը, բարեկարգ պուրակները' ամենատարբեր անկյուններում:


Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի հավաստմամբ, ծրագրում ներառված աշխատանքները շարունակական բնույթ են կրելու ու ստեփանակերտցիներն առաջիկայում նորանոր ձեռնարկումների ականատեսն են դառնալու:

 

Վրեժ Հովսեփյան