Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա:


Հուլիսի 7-ին նախագահ Սահակյանը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Հայ Համայնքային Խորհրդի անդամների հետ եւ քննարկել տեղի հայ համայնքի ու Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:


Նույն օրը երկրի ղեկավարը Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում հանդիպում է ունեցել բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Ջերմ եւ անմիջական մթնոլորտում երկրի ղեկավարը տեղեկություններ է հաղորդել Արցախի կյանքի, ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, պատասխանել բարձրացված հարցերին:
Բակո Սահակյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքն ակտիվ դերակատարություն ունի թ՛ե Միացյալ Թագավորության, թե՛ Սփյուռքի եւ թե՛ պատմական հայրենիքի կյանքում:

Նախագահը երախտագիտություն է հայտնել համայնքի ներկայացուցիչներին հայրենասիրության եւ հարազատ ժողովրդին նվիրվածության համար:


Հանդիպմանը մասնակցում էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Վրեժ Հովսեփյան