Ներկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում լայն տարածում են ստացել աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) մեքենաները: Հիմնական պատճառներից մեկն, իհարկե, դրանց արժեքի՝ ավելի մատչելի լինելն է: Նշված հանգամանքով պայմանավորված աջ ղեկով մեքենաների թիվը կտրուկ ավելացել է: Այս առումով, ստեղծված իրավիճակը բացասական են համարում ոլորտի վրացի մասնագետները: Նրանց կարծիքով՝ աջակողմյան կառավարմամբ մեքենաները նախատեսված չեն Վրաստանում վարելու համար. նախ դժվար է դրանց շահագործումը ճանապարհներին, ապա նաև խոչընդոտներ է ստեղծում ձախ ղեկով մեքենաների վարորդների համար:
Ուստի մի շարք ՀԿ-ներ և փորձագետներ դիմել են Վրաստանի իշխանություններին՝ տվյալ հարցին լուծում տալու և աջ ղեկով մեքենաների ներմուծումը նվազեցնելու խնդրանքով:
Պարզվում է, որ Վրաստանում ներկայում ավելի շատ աջակողմյան կառավարմամբ մեքենաներ կան, քան ձախակողմյան: Ավտոներկրողների պնդմամբ՝ վերջին երկու տարվա ընթացքում դրանց ներմուծման ծավալը աճել է 300 %-ով տոկոսով, իսկ տվյալ շրջանում ներմուծվող ավտոմեքենաների 90 %-ը աջակողմյան են:
Վրաստանի իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել տվյալ հարցի առնչությամբ, բայց կարծում եմ, ամեն դեպքում, որոշակի սահմանափակումներ կներդրվեն, և աջ ղեկով մեքենաների ներմուծումը կսահմանափակվի կամ հնարավոր է՝ ամբողջությամբ արգելվի:
Ալիկ Էրոյանց