Լոնդոնում հրապարակվող պան-արաբական Asharq Al-Awsat պարբերականը տեղեկատվություն է տարածել առ այն, որ Սիրիայի հյուսիսում՝ մասնավորապես Հալեպի նահանգի՝ հակակառավարական խմբավորումների կողմից վերահսկվող շրջաններում, հնարավոր է` սիրիական լիրայի փոխարեն աստիճանաբար շրջանառության մեջ մտցվի թուրքական լիրան:
Օրերս կայացած «Սիրիական տնտեսագետների ընկերակցության» համաժողովում առաջարկություն է ներկայացել արժույթի փոխարինման վերաբերյալ՝ Բաշար ալ Ասադի վարչակարգի վրա նաև տնտեսական ճնշումն ավելացնելու նպատակով: Մասնավորապես, առաջարկության կողմնակիցները պնդում են, որ նման կերպ շրջանի բնակչությունն առավելապես կձգտի թուրքական արժույթին, քանի որ այն ավելի կայուն է՝ համեմատած սիրիական լիրայի, որը հակամարտության անցած 4 տարիների ընթացքում էականորեն արժեզրկվել է. ներկայում սև շուկայում 1 ամերիկյան դոլարի արժեքը հասնում է մինչև 200 լիրայի՝ նախկին 1=48-ին հարաբերակցության փոխարեն:
Asharq Al-Awsat-ի անանուն աղբյուրները նշում են, որ առաջարկությունը ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում տեղակայված արտասիրիական ընդդիմության խոշորագույն մարմնի՝ «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի», ինչպես նաև վերջինի կողմից ստեղծված «Սիրիական ժամանակավոր կառավարության» աշխատանքային օրակարգում: Այս կառույցները, չնայած չնչին, բայց որոշակի ազդեցություն դեռևս ունեն Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններ վերահսկող ընդդիմադիր մի շարք խմբավորումների վրա:
Պետք է նշել նաև, որ թուրքական կողմի՝ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու ծրագրերը հիմնականում առնչվում են հենց վերոնշյալ աշխարհագրական տարածքին: Չնայած բավական լարված ռազմական իրավիճակին՝ Հալեպը շարունակում է մնալ Սիրիայի՝ տնտեսական և առևտրական ամենաակտիվ շրջաններից մեկը, դրանով իսկ այն բավականաչափ կարևոր է ինչպես սիրիական վարչակարգի, այնպես էլ ընդդիմության և նրանց արտաքին հովանավորներից մեկը հանդիսացող Թուրքիայի համար:
Իսկ ինչ վերբերում է Սիրիայի ազգային արժույթի արժեզրկմանն, Արաբական Հանրապետության տնտեսությունը խարխլելուն միտված տարաբնույթ գործողություններին, ապա սիրիական վարչակարգի արտաքին հովանավորների այսօրինակ քայլերը եզակի չեն: Ճգնաժամի հենց սկզբից հատկապես Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից բազմակի փորձեր են կատարվել՝ հսկայական ծավալի կեղծված սիրիական լիրա շրջանառության մեջ ներդնելու, նաև նման կերպով Սիրիայի ազգային արժույթն արժեզրկելու ուղղությամբ: Վերոնշյալին ի պատասխան, սիրիական իշխանություններն իրենց անմիջական վերահսկողության տակ են վերցրել նախ տարադրամի փոխանակման ողջ ոլորտն, ապա նաև՝ խիստ քրեական պատիժ սահմանել բոլոր դրամանենգների և սպեկուլյանտների հանդեպ:
Արմեն Պետրոսյան