Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին:

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով նրան` Արայիկ Հարությունյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք արդեն այլ բնագավառում:

 

«Այս տարիներին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք խնդիրներ, սակայն արձանագրել ենք նաև հաջողություններ, ամենակարևորը` բավականաչափ փորձ ենք կուտակել, ինչն օգտագործվելու է հետագա աշխատանքների կազմակերպման գործում»,- ասել է վարչապետը:

 

Իր խոսքում Անդրանիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ չնայած ընթացիկ խնդիրներին, այնուամենայնիվ, նախարարությունը կարողացել է կատարել կառավարության ծրագրով գյուղոլորտին վերապահված գործառույթները և որոշակի հաջողությունների հասնել: Նա շնորհակալություն է հայտնել նաև նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և հավաստիացրել, որ անելու է հնարավորինս՝ իրեն տրված վստահությունն արդարացնելու համար:

 

Կառավարության ղեկավարը շնորհավորել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արամ Մխոյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել նորանոր ձեռքբերումներ:

 

Վարչապետը, մասնավորապես, ասել է. «Մխոյանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների լավագույն մասնագետներից մեկը համարվելով, քաջատեղյակ է գյուղատնտեսության ոլորտին և իր գործունեությամբ արդեն երկար տարիներ աջակցում է Արցախում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը: Բնագավառին առնչվող իմ որոշումներում միշտ հաշվի եմ առել նրա խորհուրդները: Համոզված եմ՝ Արամ Մխոյանն իր գիտելիքներն ու փորձառությունը լավագույնս կծառայեցնի Արցախի գյուղատնտեսության զարգացմանը»:

 

Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին՝ պատասխանատու բարձր պաշտոն իրեն վստահելու համար՝ Ա. Մխոյանը նշել է, որ ինքը խորությամբ ծանոթ է ոլորտի խնդիրներին և համոզմունք հայտնել, որ բոլոր հնարավորությունները կան Արցախի Հանրապետության գյուղատնտեսությունը բարձր մակարդակի հասցնելու համար: Նա, նախարարության առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին, խոստացել է լինել անաչառ ու սրտացավ:

 

Վարչապետ Հարությունյանը, անդրադառնալով սկսված կառուցվածքային բարեփոխումներին, նշել է, որ տնտեսության պատշաճ զարգացումն ապահովելու համար նոր գործիքներ են կիրառվելու: «Սա վերջին կառուցվածքային փոփոխությունը չէ, փուլ առ փուլ շարունակվելու են փոփոխություններն ու կրճատումները, և աստիճանաբար պետական կառավարման համակարգի մի խումբ աշխատակիցների տեղափոխելու ենք այլ տնտեսական դաշտ: Այս տեսանկյունից կարևորում եմ արդյունավետ ծրագրերի իրականացումը առաջին հերթին մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի կրճատված կադրերը կարողանան համապատասխան աշխատանք գտնել»:

 

Ա. Հարությունյանը հորդորել է փոխվարչապետ Աղաբեկյանին՝ հետագա ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել կադրերի վերապատրաստմանը, որպեսզի անցումը սահուն իրականացվի: Հանդիպմանը ներկա Ա. Աղաբեկյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները պետք է միանշանակ ուղղվեն հանրապետության տնտեսության զարգացմանը՝ արդյունավետ օգտագործելով մարդկային ռեսուրսները:

 

 

 

 

 

 


Վրեժ Հովսեփյան