Մի քանի տարի առաջ մենք ծայրահեղ քաղաքականացված էինք: Եթե հիշում եք, ցանկացած հավաքույթ, կամ մտերիմի հետ հանդիպում վերածվում էր քաղաքական դեբատի:Մենք բոլորս քաղաքագետ էինք, և յուրաքանչյուրս ճիշտ յուրովի: Քաղաքական դաշտի ծայրահեղ բևեռացումը և քաղաքական ուժերի բազմակի ձախողումները, ոչ միայն հիասթափեցրին հասարակությանը, այլև ուղղակի խաչ քաշեցին քաղաքական ճաշակների վրա: Այս պահին հասարակությունը քաղաքական ուժերին դիտարկում է որպես մի թիմում խաղացողների, ու ցավալին այն է, որ այդ թիմը միշտ խաղում է ժողովրդի դեմ:
Ժամանակի ընթացքում հասարակության այն հատվածը, որը կարողանում էր քչից-շատից ապրել, կանգնեց հետզհետե անլուծելի դարձող հացի խնդրի առաջ: Բաղրամյանում տեղի ունեցածը սոցիալական ընդվզման պոռթկում էր: Հասկանալի է, որ այսօր 7 դրամից ավելի լուրջ ու վտանգավոր դրսևորումներ կան, և, որ հոսանքի սակագինը իշխանության ամենամեծ մեղքը չի, բայց սա արդեն սթափեցնող ազդակ էր ժողովրդի կողմից ուղարկված: Ինչ տիպի բողոքի դրսևորման կվերածվի այս շարժումը, դեռ վաղ է ասել, բայց որ ժողովրդի համբերության բաժակում ինչ որ բան կատարվում է` արդեն ակնհայտ է:
Ինչևէ, հասարակության այն հատվածին, ի դեպ` գերակշռող, որոնք տանը նստած մտածում էին, որ մի քանի հազար երիտասարդ պետք է լուծեր համընդհանուր խնդիրը, պետք է տեղեկացնել, որ, չնայած այս պահին այլընտրանքային լուծում գտնվել է, բայց հոսանքի գինը օգոստոսի 1-ից թանկանում է 6.93 դրսմով: Նույն տեղեկատվությունը պիտի հայտնել նաև հասարակության այն հատվածին, որը վերջին օրերի ընթացքում ոչ թե կենտրոնացել էր բուն խնդրի վրա, այլ `թե ով ում հետ պարեց, ով սելֆի արեց, ով ում որտեղից քաշեց, ով ում ուղարկած սադրիչն ա ու նմանատիպ հույժ կարևոր մանրամասների վրա:
Գարիկ Պետրոսյան