Օրերս «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկն, անդրադառնալով Հայաստանի էներգետիկ ոլորտին, հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները երկրում գործող կանոնակարգման համակարգի արդյունք են . «ՀԷՑ-ի երկար տարիների կուտակած վնասները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում սակագների կանոնակարգման գործող համակարգով և էլեկտրաէներգետիկայի շուկայի գործունեության օրենքներով»:

 

Այս թեմային անդրադարձ է կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հայտարարության մեջ ասվում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ»:

 

ՀԾԿՀ-ն նաև պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում: Ինչպես նաև հայտարարության մեջ ասվում է, որ ստեղծված իրավիճակում ՀԾԿՀ-ն անընդունելի է համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը:

 

Հայկ Դերզյան