Սակագների, բնապահպանական, քաղաքաշինության, մյուս այլ երևույթների դեմ կրկնվող քաղաքացիական շարժումները, ընդվզումները, պայքարը գնալով դառնում են հաճախակի և ավելի մեծաքանակ: Իշխանությունները, քաղաքական ուժերն այս ամենից պետք է լրջորեն հետևություններ անեն, այլապես կհայտնվենք ծանր կացության ու պայթունավտանգ իրավիճակներում…
ՀՀ քաղաքացիների, քաղաքացիական շարժումների շունչն ու «ջերմությունն» արդեն ակնարև զգացվում է: Վաղ թե ուշ իշխանությունները պետք է վերջապես օրակարգի խնդիր դարձնեն ու կողմնորոշվեն, կոնկրետ ծրագրեր մշակեն, այլապես այս ամենը կտանի իշխանափոխության, կսկսի արագ աշխատել ձնագնդի էֆեկտը…
Եթե ինչ-որ բան էլ իրոք անհնար է իրագործել, հնարավորություններ չկա, ապա դա պետք է անել պարզ, թափանցիկ, շիտակ, տեսանելի ու ըմբռնելի…Սակայն, ցավն այն է, որ հավատ չկա, հավատն է պետք վերականգնել իշխանության, պետական կառույցների, պաշտոնյաների, նրանց բարոյական կերպարի նկատմամաբ: Հավատի կորուստը հղի է Պետության, Հայրենիքի, ինչու չէ հայ ազգի ապագայի նկատմամբ կասկածներով, ուստի հանրությունը հաճախակի փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքն ու փորձել ողջախոհության դասեր տալ, հասկացնել իշխանություններին, որ մեզանում' տնտեսական, հասարակական կյանքում իրական փոփոխություններ են պետք, որակական տեղաշարժեր, նոր արժեհամակարգ, նոր մոտեցումներ…Որ ժամանակն է Հայաստանում իրավիճակ փոխվի, որ մեր երկրում ապրելը դառնա հնարավոր, հաճելի, գրավիչ ու նախընտրելի…Որ մարդն անընդհատ չկանգնի երկընտրանքի առաջ' լքի, թե չլքի Հայրենիքը, իսկ Հայրենիքը ցավոք նաև կորցնում են մեկ անգամ' հաճախ նաև ընդմիշտ…
Ռոբերտ Մելքոնյան