«Թքել եմ ես այն իշխանությունների երեսին, որ կարող են այսպես վարվել իր ժողովրդի հետ, և սա մեկ օրվա բան չի, երեք ամսվա բան չի, կամ հինգ տարվա, տասը տարվա, արդեն քսանհինգ տարի է։ Ոչինչ չեմ հիշում, ընդամենը իմ ապրած կյանքին եմ անդրադարձ կատարում, որ ապրել եմ, ստեղծագործել եմ, ընտանիք եմ կազմել ի'մ երկրում, ի´մ քաղաքում, ի´մ հայրենիքում, և մի վարկյան իսկ չեմ բացակայել։ Եվ ովքեր որ եկել են, ովքեր կարողացել են, ովքեր դարձել են, քսանհինգ տարի խաբել են, կեղեքել են, հավատազրկել են, թալանել են, ջարդել են, կրակել են, սպանել են. եւ, ի վերջո, ի՞նչն են սպանել՝ հավատն են սպանել մարդու մեջ, մարդուն են սպանել՝ մինչև երեկ, մինչև այսօր, մինչև այն լուսավոր աոավոտը, որ իրենց հետ բերեցին ոգով ուժեղ, հպարտ, ազնիվ մեր երիտասարդները։

 

Եվ ովքեր՞ են անում՝ ինչպես մեր ամենայն հայոց բանաստեղծն է ասել «նույն մարդիկը նույն ճանապարհներով»։ Ո՞վ է մեղավոր. ես եմ մեղավոր, բոլորս ենք մեղավոր, բոլո´րս՝ ամեն մեկն իր չափով, ամեն մեկն իր տեղում։ Մեղավոր եմ որ այս տարիների ընթացքում եղել են պահեր, եղել են վայրկյաններ, որ հավատացել եմ, որ վստահել եմ, թե իրենցից բացի, իրենց հարազատներից բացի, իրենց հետույքներից ու որովայններից բացի իրենց համար ուրիշ այլ սրբություններ էլ կան այս կյանքում։ Սխալվել եմ, սրբություն չունեք դուք:

 

 

Այնտեղ հավաքված այդ պայծառ երիտասարդությունը և ամբողջ ժողովուրդը, այո', այսօր կասեցում են պահանջում այդ հերթական անօրինական որոշման, այդ մի քանի դրամի բարձրացման, որը գուցե շատերի համար նաև օրհասական է, բայց, ի վերջո, ցասումն ու երազանքը ուրիշ է՝ տեսնել իր երկիրն արդար, արժանապատիվ, ազնիվ ու մաքուր։ Եվ ոչ մի ջրցան մեքենա, ոչ մի կեղտոտ բռունցք չի կարող կոտրել այդ ոգին։ Եվ ո՞ւմ եք խփում, ո՞ւմ եք ձեր այդ ջրի շիթով դաղում, տապալում՝ ձեր իսկ երեխայի տարիքի աղջկան, երիտասարդին, իմ երեխային, իմ հայրենակցի երեխային։ Ես չեմ ուզում նման ոստիկանություն ունենալ, ես չեմ ուզում նման « պաշտպան» ունենալ, որ նաև հայտնվի մի լպիրշ ցինիկ պատգամավոր ու ասի «շոգ էր՝ ջրեցին»։ Կարծում եմ՝ այնքան «հեղինակություն» ունես, որ հրահանգես ոստիկանապետիդ, որ քանի շոգերը չեն անցել՝ հարազատներիդ այդ շթով ջրի և այդ զովացնող ցնցուղից օգտվի նաև այն մտավորական մաեստրոն, որ կարծում է, թե ամեն ինչ ճիշտ է կատարվել։

 

Եվ ընդհարապես, մի´ փորձեք այդ ազնիվ պայքարը, այդ ազնիվ շարժումը, որն իրենք են ստեղծել, իրենք են առաջ տանում մինչ հաղթանակ իրենց ազնիվ ոգով՝ դարձնել շոու, տխեղծ ներկայացում, կապիկություն, մեյմունություն ձեր այդ կենդանի ու կիսամեռ պատերով, որն ուզում էիք ստեծել էն դեպքում, երբ բոլորը գիտեին, որ, համենայնդեպս, այդ պահին, այդ ժամանակ այլևս չեն հարձակվի… ձեր նախկին ու ներկա պատգամավորներով, նախկին ու ներկա նախարարներով, նախկինում թալանին մասնակցած՝ էսօր արդեն օպոզիցիայում գտնվողներով, եւ ժողովրդի հայհոյանքը ուղղված կոնկրետ անձին, որը ճիշտ էր և տեղին. պիտի որ պլշած աչքերով չդիմավորեր հայտնի նախարարը։ Կլոունադա մի սարքեք այդտեղ եկած, ձեր անձերին, ձեր իսկ կողմից, ձեր իսկ ուսերին բարձած էպիտետներով՝ մտավորականներս, հայտնիներս ու ոչ այնքան, աստղիկներս ու աստղաբույլերս ու ոչ այնքան, և այդ ամենը ձեր փոքրիկ, պուճուր, չնչին ցանկություններին հագուրդ տալու համար տեսախցիկների առաջ կանգնելու, խոսելու, ցույց տալու, նկարվելու սելֆիներ անելու ու ամենակարևորը՝ ասելու բաղձալի նախադասությունը՝ «ժողովրդի կողքին ենք»։

 

Այդ երիտասարդները ձեր ուղղորդման, ձեր շտկման կարիքը չունեն, որովհետև ամեն ինչ անում են ճիշտ, նաև տեսել են ձեր ուղղորդումների ու շտկումների արդյունքները, բազմաթիվ անգամներ։ Ես միշտ, նույնիսկ «ժողովուրդ» բառը չեմ օգտագործի, միշտ, մարդկանց կողքին եմ եղել՝ հայ մարդու, իմ հայրենակցի, գործս էլ է նրանց համար եղել, նրանց հետ՝ թե´ բեմում, թե´ էկրանների առջև։ Ծնունդով էլ մշեցի հասարակ գյուղացու տոհմի մի ճյուղն եմ։ Այն ժամանակ էլ, երբ Տիրոջ Սուրբ ծննդյան սուրբ ծիսակատարության ժամանակ ամպհովանի եմ կրել՝ էլի մարկանց ու իմ հայրենիքի կողքին եմ եղել, որովհետև հարգում եմ իմ եկեղեցին, իմ դրոշը, իմ զինանշանը և իմ հայրենիքի բոլոր սիմվոլները»:

 

Տիգրան Ներսիսյան