Այսօր ակնհայտորեն նշաններ են հայտնվում փոխելու իրավիճակը Բաղրամյան պողոտայում։ Կրեմլի հայաստանյան գործակալների հայտնած մտքերն ու մայդանի հետ արված զուգահեռները, առավոտյան աղբը մաքրելուց Սանիտեկի հրաժարումը, ոստիկանության ղեկավարության մոտ ագրեսիվության նշանների հայտնվելը, առավոտյան Վլադիմիր Գասպարյանի ափսոսասանքը առ այն, որ շարժումը չի ընդունել Սերժ Սարգսյանի բանակցության առաջարկը, ակտիվիստներին արվող ակնարկները, ոստիկանական կարդոնի ուժեղացումը պատահականություն չեն։
Հավանաբար, ՀՀԿ քաղխորհրդի նիստից հետո ևս մեկ առաջարկ կարվի շարժմանը բանակցելու Սերժ Սարգսյանի հետ, որը մերժելուց հետո կսկսեն պատժիչ գործողություն։ Հատկապես, երբ Մոսկվան քանի օր է համառորեն պահանջում է կատարվածը գնահատել որպես Մայդան, ինչում նրան օգնում են որոշ հայ տականքներ, ինչը անելուն պետք է հաջորդի մյուս քայլը՝ կանխարգելումն ու ուժի կիրառումը։ Դա այն է, ինչ հարկավոր է Կրեմլին՝ թուլացնելու Հայաստանն ու իշխանություններին, ավելի մեծ կախվածության տակ դնելու համար։ Ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանի շրջապատում կա գոնե մեկը, ով հասկանում է հաշվարկը և պլանները. իբր օգնել խուսափելու Յանուկովիչի ճակատագրից, բայց ճիշտ այդ ճանապարհի վրա դնել։
Անկեղծ ասած, ինձ քիչ է հետաքրքրում որևէ քաղաքական_պետական գործիչի ճակատագիրը։ Ինձ հետաքրքրում է Հայաստանն ու այն, որ ժողովրդի դեմ ուժ չկիրառվի։ Մնում է, Սերժ Սարգսյանը գիտակցի, որ պարադոքսալ կերպով իր շահերը համընկնում են շարժման անվտանգության շահի հետ։ Թերևս առաջիկայում կտեսնենք, թե ինչպես է նա ըբկալում կամ չի ընկալում այս ամենը։
Ստյոպա Սաֆարյան