System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կրկին անդրադարձել է երևանյան դեպքերին: Թանկյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ տարածելով Yahoo News-ի անդրադարձը՝ «Ոստիկանության բռնությունից հետո 6000 մարդ է փողոց դուրս եկել» վերնագրով:
Թանկյանը, մասնավորապես, գրել է. «Կարծես թե ոստիկանության կողմից ջրցաններով ու մարդկանց, այդ թվում՝ լրագրողների, ծեծելով իրականացված բիրտ ճնշումը կանխատեսելիորեն այսօր ավելի շատ մարդկանց է հանել Երևանի փողոցներ:
Դա խաղաղ նստացույց էր: Ոստիկանությունն իրավունք ուներ ցրել ցույցը և ձերբակալել մարդկանց՝ առանց անհարկի ուժի կիրառման: Իրավիճակը չպետք է քաղաքականացվի օտար ԶԼՄ-ների կամ կառավարությունների կողմից: Սա Հայաստանի ազգաբնակչության մի մեծ սեգմենտի էնդեմիկ տնտեսական մարգինալացմանը ոչ քաղաքական արձագանք է»:
«Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ջանք գործադրի՝ բարելավելու համար իր քաղաքացիների տնտեսական զրկանքները և արձագանքի այս ու այլ մտահոգություններին»: