Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights (SOHR) հակակառավարական ուղղվածության սիրիական տեղեկատվական կենտրոնը տեղեկատվություն է տարածել առ այն, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունն ականապատել է շուրջ 1 ամիս առաջ կառավարական ուժերից նվաճած, միջազգային նշանակության պատմամշակութային համալիրներով հռչակված Պալմիրայի (Թադմուր) հին քաղաքը: Ըստ SOHR-ի ղեկավար Ռամի Աբդ ալ Ռահմանի՝ ԻՊ-ի զինյալների կողմից ականապատման գործողությունները սկսվել են հունիսի 21-ից, մասնավորապես՝ մի քանի ականներ են տեղադրվել հռոմեական ամֆիթատրոնի շուրջ: Վերոնշյալ տեղեկատվությունը տարածվեց վերջին 3 օրերի ընթացքում սիրիական բանակային ստորաբաժանումների՝ Պալմիրայի ազատագրմանը միտված ռազմագործողության նախապատրաստման մասին լուրերին զուգահեռ:
Իսկ վերոնշյալ ռազմագործողության մասին առաջին հաղորդագրությունները տարածվել են դեռևս հունիսի 19-ին, երբ միաժամանակ մի քանի սիրիական բանակային ստորաբաժանումներ՝ 67-րդ բրիգադի, 18-րդ զրահատանկային գումարտակի որոշ միավորներ, «Վագրերի ուժեր» և «Անապատի բազեներ» հատուկ նշանակության ուժերի հետ համատեղ, որոշակի առաջխաղացում են արձանագրել Պալմիրայի շուրջ՝ օդուժի աջակցությամբ գրավելով շրջանի հարավային հատվածում՝ գազային հանքավայրերի մերձակայքում գտնվող Ջազալ բնակավայրը՝ ուղղություն վերցնելով դեպի քաղաքից արևմուտք ընկած շրջաններ:
Վերոնշյալի համատեքստում, նաև միջազգային ԶԼՄ-ներում ակտիվացել են քննարկումներն առ այն, թե ինչ ճակատագիր է սպասվում Պալմիրային, արդյո՞ք այն ևս կարժանանա ԻՊ-ի կողմից ոչնչացված կամ զգալիորեն վնասված իրաքյան հնագույն Նիմրուդ, Հաթրա (ալ Խադր), Դուր Շարուքին քաղաքների, Մոսուլի Պատմության թանգարանի և այլ նմանատիպ արժեքների ճակատագրին:
Հարցի շուրջ որոշակի եզրահանգումներ անելուց առաջ այն պետք է դիտարկել մի քանի հարթության շրջանակներում: Նախ և առաջ, կարելի է վստահորեն պնդել,որ քաղաքը կարող է էականորեն տուժել՝ նրա շուրջ ծավալվելիք զարգացումների ցանկացած սցենարի պարագայում. դրա համար վեր հանենք մի քանի իրողություն:
Առաջին հերթին այն հանգամանքը, որ եթե սիրիական բանակային ստորաբաժանումներն, այնուամենայնիվ, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեն բուն քաղաքի վրա, ապա կասկածից վեր է, որ ռազմական գործողությունների ընթացքում և հատկապես ծանր ռազմատեխնիկայի կիրառման պայմաններում էականորեն կվնասվեն նաև քաղաքի պատմամշակութային հաստատությունները: Մինչդեռ դեպքերի զարգացման այս սցենարի հավանականությունը գնահատելու համար պետք է նախ բնութագրել շրջանի կարևորությունը սիրիական իշխանությունների համար: Այս համատեքստում, վերջինների համար առավել առաջնային է ոչ թե բուն Պալմիրա քաղաքը, այլ հարակից շրջանները, որոնք ռազմավարական կարևորություն են ներկայացնում հատկապես մայրաքաղաք Դամասկոսի և երկրի կենտրոնական շրջանների գազամատակարարման տեսանկյունից: Մյուս կողմից՝ հակաահաբեկչական և հակաարևմտյան քարոզչության տեսանկյունից՝ սիրիական իշխանությունների համար առավել ձեռնտու կլինի, եթե Պալմիրան շարունակի մնալ իսլամականների ձեռքում և վերջինները փուլառփուլ ոչնչացնեն քաղաքի պատմամշակութային ժառանգությունը. դեպքերի զարգացման այս սցենարը տեղավորվում է նաև սիրիական իշխանությունների և նրանց արտաքին հովանավորների որդեգրած նոր մարտավարության շրջանականերում, այն է՝ պայքարել հիմնականում կենսական նշանակություն ունեցող տարածքների համար:
Պալմիրայի ճակատագրի հաջորդ և առավել հավանական տարբերակը պետք է պայմանավորել արդեն ԻՊ-ի քարոզչական գործունեության տրամաբանությամբ: Բանն այն, է որ վերջին 2 շաբաթվա ընթացքում կառույցն ակնհայտորեն զիջում է դիրքերը սիրիական ռազմաճակատի հյուսիսային հատվածում՝ քրդերի, մասամբ նաև հարավում՝ սիրիական հակակառավարական մի շարք այլ խմբավորումների դեմ պայքարում: Եվ հենց նման պայմաններում է, որ ԻՊ-ն, կրկին համաշխարհային ԶԼՄ-ների լրահոսի առաջնային դիրքերում հայտնվելու նպատակով, գործի կդնի սեփական քարոզչամեքենան, իսկ տվյալ դեպքում՝ համաշխարհային պատմամշակութային ժառանգություն հանդիսացող Պալմիրայի որոշ հաստատությունների աստիճանական ոչնչացման գործողությունը և դրա մատուցումը միջազգային հանրությանը:
Արմեն Պետրոսյան