Իրանում հիջաբ (գլխաշոր) կրելու հարցը շարունակում է մնալ հասարակական քննարկումների գլխավոր թեման: Սրա վառ ապացույցը Facebook-ում այն խմբի հաջողությունն է, որն իրանցի կանանց առաջարկում է սոցցանցերում իրենց լուսանկարները տեղադրել՝ առանց հիջաբի:

 

Խումբը 2014 թվականի մայիսին հիմնել է իրանցի լրագրողուհի Մասի Ալինեջադը, ով այդ ժամանակ բնակվում էր Լոնդոնում: Խմբի ստեղծման հիմքում ընկած է այն գաղափարը, որ բոլոր ցանկացողները կարողանան իրենց լուսանկարները խմբում հրապարակել առանց հիջաբի, քանի որ դա նրանց համար լսելի լինելու միակ միջոցն է:
Անդրադառնալով հիջաբին և դրա կիրառելությանը իսլամական տարբեր երկրներում, պետք է նկատել, որ տարբեր մշակույթների ազդեցության հետևանքով հիջաբի գաղափարը տրանսֆորմացիայի է ենթարկվել:
Ըստ Իսլամի' հիջաբ (արաբ.՝ حجاب՝ ծածկոց) նշանակում է հասարակ, ընդունելի (ոտքից գլուխ ծածկող) հագուստ կնոջ համար. Իրանում դա չադրան է, Սաուդյան Արաբիայում և Աֆղանստանում՝ նիկաբը, որը ծածկում է նաև դեմքը:

 

Հարկ է նկատել, որ հիջաբի վերաբերյալ կա հստակ մոտեցում, որը գործում է նաև քրիստոնյա համայնքների համար: Սակայն քրիստոնյաների հիջաբը միշտ որոշակի դետալներով տարբերվել է մուսուլմանական հիջաբից: Իրանում, օրինակ, թեև քրիստոնյաները գլխաշոր են կապում, սակայն դրա գույնն ու նախշերը էականորեն տարբերվում են մուսուլման կանանց գլխաշորերից, և փողոցում անգամ հիջաբից կարելի է հասկանալ' տվյալ կինը քրիստոնյա է, թե՝ մուսուլման:
Պետք է փաստել, որ այս ամենը վերաբերում է իսլամական հեղափոխությունից հետո ստեղծված իրականությանը, երբ Իրանը դարձավ կրոնապետական երկիր, իսկ իսլամը՝ սահմանադրության հիմքը: Հիջաբ կրելը ամրագրվեց օրենքով և կնոջ կողմից այն կրելը դարձավ իսլամական օրենսդրության՝ շարիաթի գլխավոր դրույթներից մեկը, որի խախտման դեպքում կանայք կարող են պատժվել' արժանանալով մտրակին հարվածների և նույնիսկ ազատազրկման:

 

Տաթև Տիգրանյան