Օրերս Մեղրի քաղաքում հրդեհվել էր բնակելի շենք, որի արդյունքում բազմաթիվ բնակիչներ մնացել էին անօթևան: Իրավիճակը հրատապ էր, իսկ առաջացած խնդիրները շուտափույթ լուծում էին պահաջում:
Այս հարցն այսօր գործադիր մարմնի օրակարգում էր: Քննարկման արդյունքում որոշվեց փոխհատուցել Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 7 բնակելի շենքի բնակիչներին՝ ապահովելով նրանց բնակարաններով: Նոր կացարանները գտնվում են «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքերից մեկում, որն արդեն երեք տարի է ինչ չի շահագործվում: Այդ մասնաշենքը անհատույց կտրամադրվի հրդեհից տուժած բնակիչներին, իսկ տվյալ հաստատության համար մինչև 2016 թվականի հունիսի 30-ը կկառուցվի նոր մասնաշենք:
Բացի դրանից, անհատույց բնակարան կստանան նաև Մեղրու քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքները:
Վերը նշված որոշումը կիրականացվի օպերատիվ ժամկետներում:
Արման Վարդանյան