Անհիշելի ժամանակներից ի վեր, հայ ժողովուրդը ցանկացել է ապրել Տիգրան Մեծի կերտած ծովից ծով Հայաստանում:
Ամեն դեպքում զավեշտալի է, երբ մեր օրերում քաղաքական գործիչները կուսակցաժողովների ժամանակ քննարկում են ծովից ծով Հայաստանի տեսլականը, իսկ հետո էլ հանրային հարցերը թողած, պայքարի հիմքում դնում Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը:
Արդեն տևական ժամանակ է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Արևմտյան Հայաստանում: Միգուցե Ժառանգության ղեկավարը պայքարը Երևանից տեղափոխել է Մուշ ու Սասուն և այնտեղ ազատագրական շարժում է սկսել կամ հող է նախապատրաստում հետագա ապստամբության համար, բայց այս ամենը մեղմ ասած ծիծաղելի է:
Իսկ եթե փորձենք ավելի լուրջ վերլուծել, ապա կարող ենք փաստել այն, որ շատ մտահոգիչ ու զավեշտալի է, որ խորհրդարանական ուժի ղեկավարը երկար ժամանակ է բացակայում է երկրից: Ավելին' վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունենում կարևոր քաղաքական- հասարակական գործընթացներ, որոնց Հովհաննիսյանը ցանկություն անգամ չունի անդրադառնալ:
Հուսանք, որ կգա մի օր, երբ այսպիսի քաղաքական գործիչները կհասկանան, որ երկրի ու պետության զարգացման համար պետք է աշխատել, այլ ոչ երևակայական հարթակներից սին գաղափարներ շռայլել :
Տիգրանուհի Դավթյան