Հունիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր Դավիթ Գասպարյանի «Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է վաղամեռիկ բանաստեղծ Արտակ Համբարձումյանի ծննդյան 45-ամյակին, Արտակ Համբարձումյանի ոգեկոչմանը, ով մահվան տեսիլք ունեցավ հարության վերջնըմբռնումով և գրի միջոցով մեզ փոխանցեց իր ներաշխարհի հույզերը, ապրումներն ու երևակայությունը և իր խորը կապվածությունը երկնքի հետ:
Կուզեի մեռնել, այն էլ ինչպիսի, ինչպիսի մահով,
Երբ ողջ աշխարհը քնած կլիներ գիշերների մեջ,
Իսկ ես կիսարթուն, սիրո հանցանքի քաղցրադող ահով՝
Քո և մթության երկչոտ խոնջանքին կդնեի վերջ:
Բոլորից գաղտնի, իմ պատուհանի կիսաբաց կանչով՝
Կլողայի դուրս, գիշերվա խաղաղ ջրերի մեջ սև,
Քեզ չարթնացնելու, չխանգարելու անմեղ անուրջով
Քայլերս պիտի անձայն մեղմությամբ փորձեի հյուսել:
Արտակ Համբարձումյան

 

 

Շնորհանդեսին օրհնության խոսք ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Սրբազան հայրն ասաց. «Մեր գնահատանքն ենք բերում Դավիթ Գասպարյանին: Հայցում ենք Աստծո օրհնությունը, և թող առատ լինի Դավիթ Գասպարյան մտավորականի գրչի և խոսքի հունձքը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ոչինչ չհանձնեց թղթին: Նրա պատգամներն ու խոսքերն արձանագրվեցին առաքյալների և քրիստոնյաների սրտի մատյանում: Այդ ոգով են առաջնորդվել Ս. Սահակ հայրապետն ու Ս. Մեսրոպ վարդապետն՝ իրենց կատարած «Թագուհի թարգմանությամբ» Աստծո Հոգին փոխադրեցին երկնքից երկիր: Եկեղեցու մեծ հայրերից Ս. Բարսեղ Կեսարացին պատգամել է՝ ասելով, որ Աստված մարդուն Իր պատկերով ստեղծեց, իսկ Աստծուն նմանվելը վերապահեց մեր ազատ կամքին: Արարածը չկարողացավ իրեն տրված ազատ կամքով նմանվել Արարչին, թեև անհատներ ճիգ էին գործադրում: Ուստի, Աստծո Որդին խոնարհվեց երկնքից երկիր, արարածի զգեստ հագավ, որպեսզի Իր հոտին բարձրացնի Արարչի նմանության:

 


Խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուր անձ ընթերցի «Ոսկե շղթա» գիրքը, որով կփոխի իր հոգեվիճակը: Գիրքը նվիրված է նաև արդի հեղինակ Արտակ Համբարձումյանի ոգեկոչմանը, ով մահվան տեսիլք ունեցավ հարության վերջնըմբռնումով և գրի միջոցով մեզ փոխանցեց իր ներաշխարհի հույզերը, ապրումներն ու երևակայությունը և իր խորը կապվածությունը երկնքի հետ:
Շնորհավորում եմ Դավիթ Գասպարյանին, և թող Աստված օրհնի իր նվիրական գործերը»:

Շնորհանդեսին ելույթ ունեցավ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախումբը: Խոսք ասացին Արտակ Համբարձումյանի եղբայր Գարիկ Համբարձումյանը և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը:
«Ոսկե Շղթա» ժողովածուն ընդգրկում է հայոց պոեզիան՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Այստեղ և՛ գողթան երգերն են, և՛ 5-րդ դարի ապաշխարանքի երգերը, և՛ միջնադարն իր գրական մարգարիտներով: Նաև նորագույն շրջանի ժամանակագրական հաջորդանկությամբ գրական շարքով ընդգրկած են և՛ հայրենի, և՛ սփյուռքահայ գրողներ:

 


Գիրքը նվիրված է վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ Արտակ Համբարձումյանի ծննդյան 45-ամյակին: «Ոսկե Շղթա» գրքում ներկայացված են նաև Արտակի բանաստեղծություններից:

Դավիթ Գասպարյանն իր խոսքում նշեց. «Մեծ խորհուրդ կա, որ այս գրքերի շնորհանդեսը կայանում է ԱՀԹ Առաջնորդարանի դահլիճում, Սրբազան հոր ներկայությամբ և օրհնությամբ: Ամբողջ հայ քնարերգության ոսկին է հավաքված «Ոսկե շղթա» գրքում և եզրափակվել է Արտակ Համբարձումյանի բանաստեղծությունների մեծ շարքով:
Արտակը հավատացյալ էր, և նրա կորուստը մեծ է արդի գրականության մեջ:
Ոսկե շղթան բառերի, խոսքի ոսկին է: Գրքում նախաքրիստոնեկան մեր գողթան երգերն են, որոնք գրի է առել Խորենացին և արդեն 5-րդ դարից սկսած՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը, Ս. Սահակ Պարթևը, ովքեր գրել են աննման շարականներ: Միջնադարից ոչ մի արժեքավոր բանաստեղծություն դուրս չի մնացել:

 


Հիմա արժեքային համակարգի մեծ պատերազմ է. համաշխարհայանացումը տրորում և ոչնչացնում է ազգային արժեքները՝ լինի գրական կամ կրթական, և այս ընթացքում մենք շատ գրական արժեքներ ենք կորցնում: Կորցնում ենք նաև Մեր գրական հիշողությունը:
Այս գիրքը նաև հիշողության գրամատյան է, որը պոեզիայի տեսքով մատուցվում է ընթերցողին:
Գրքի նպատակն է ըներցողին մատուցել հայոց պոեզիայի այնպիսի ժողովածու, որը տարբեր ժամանակներում անվանել են Մատյան, Ոսկե Մատյան, Տաղարան, Մարգարտե շարոց, Գանձարան, Ոսկե շղթա…

 


Նյութերը ներկայացված են ըստ պատմական շրջանների՝ «Հնագույն շրջան», «Հին և միջնադարյան շրջան», «Նոր շրջան», «Նորագույն շրջան»:
Գրաբար երկերը, բացառությամբ մի քանի գործի, գրքում զետեղված են աշխարհաբար փոխադրությամբ, որպեսզի հասկանալի լինեն ընթերցողին:

Արտակ Համաբարձումյանի եղբայր Գարիկ Համաբարձումյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Ժողովրդի ձայնը Աստծուն հասցնողները բանաստեղծներն են: Երբ որևէ մարդ նեղված կամ հուսալքված է լինում, ձեռքն է վերցնում որևէ գրական ստեղծագործություն, որը, կարծես, աղոթքի պես միջնորդ է դառնում ընթերցողի և Աստծո միջև:
Ուրախ եմ, որ Արտակի ստեղծագործությունները տեղ են գտել նման գրքերում՝ անցնելով Դավիթ Գասպարյան գրականագիտական ֆիլտրի միջոցով»:

 

 

 

 

Արթուր Հայրապետյան