Իրանն իր գործողություններով ցույց է տալիս, որ այսուհետ ևս պատրաստ է շարունակելու արաբական երկրներում իր դիրքերի ուժեղացման քաղաքականությունը, եթե նույնիսկ դրա համար պահանջվեն մեծածավալ ֆինանսական ներդրումներ: Փաստորեն, գործող կառավարությունը պետական միջոցների չարաշահումների վերացման ուղղությամբ արդյունավետ միջոցառումներ է ձեռնարկում, հետ վերադարձնում պետությունից գողացված փողերը և դրանք ուղղորդում այլ երկրների հետ տնտեսական-քաղաքական կապերի ամրապնդմանը:
Իրանական գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին հայտարարել է, որ ԻԻՀ-ից Օման գազ արտահանելու խնդիրն այսօր երկկողմ քննարկումների փուլում է: Գազամուղն ունենալու է շուրջ 200 կմ երկարություն՝ ձգվելով իրանական Մոբարաք լեռից մինչև Օմանի Սահար նավահանգիստ:
Որոշված է գազամուղի՝ ցամաքով և ծովով անցնող հատվածների հետ կապված շինարարական աշխատանքները կատարել միաժամանակ, որպեսզի գազամուղը հնարավորինս շուտ գործի, և բացառվեն նախագծի իրականացման ժամկետների արհեստական հետաձգումները: Կողմերի միջև 15 տարով պայմանագիր է ստորագրվելու, որը գնահատվել է 60 մլրդ դոլար: Գազամուղն աշխատելու է օրական 28 մլն մ3 թողունակությամբ:
Հատկանշական է, որ իրանական կողմը խնդիր չի դրել սահմանափակվել միայն Օմանին գազ մատակարարելով, այլ հիմնական նպատակներից է հեղուկ գազն օմանական «LNG» (Liquefied natural gas) տանկերներով Հեռավոր Արևելքի երկրների շուկա դուրս բերելը:
Ռուդիկ Յարալյան