Գյումրիում ռուս զինծառայողի սպանությունը հերթական անգամ ջրի երես հանեց, թե ինչ անմխիիթար վիճակում է ռուսական ռազմաբազայի միջանձնային հարաբերություններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Պերմյակովի ոճրագործությունից հետո, գրեթե ամբողջովին փոխվեց բազայի ղեկավարությունը ու կարծես թե ավելի խստացավ ռեժիմը, կրկին նման բան է կատարվում և դա այն պարագայում, երբ բազան պետք է լիներ ամենաուշիմ ուշադրության ներքո։
Իրականում սա այսբերգի գլուխն է, իսկ ջրի տակ ծածկված է այն հատվածը, որը ցույց է տալիս, թե ինչ անմխիթար վիճակում է ռուսական բանակը՝ Սերդյուկովյան «բարեփոխումների» տարիներից հետո, իսկ եթե հաշվի առնենք, որ Ռուսական ռազմաբազան Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող կետերից է Ռուսաստանի համար, այս իրավիճակը ավելի խոսուն է դառնում։ Կարծում եմ, առաջիկա ամիսներին բազայում արմատական փոփոխություններ կսկսվեն ինչպես անձնակազմի, այնպես էլ հրամանատարության և բազայում կանոնադրության գործելու առումով։
Ի դեպ, մեզ՝ հայերիս համար այս իրավիճակը օգտակար է այնքանով, որ կարող ենք համեմատության եզր անցկացնել մեր բանակի հետ ու հասկանալ, թե ի հեճուկս տարբեր կարծրատիպերի, որքանով ենք մենք առաջ անցել նույն կարգապահության ու կանոնադրական հարաբերությունների հարցում նույն ռուսական բանակին, որը ավելի հարուստ ավանդույթներ ունի... ի վերջո, վերջին 6-7 ամիսների ընթացքում, մեր բանակը, որը մոտ 15 անգամ ավելի մեծ է, քան ռուսական ռազմաբազան, բայց ավելի քիչ սպանության ու այլ ծանր զինվորական հանցագործությունների դրվագներ է ունեցել։
Գոռ Սաղաթելյան