Այսպես ասած՝ առաջին «Եվրոպական օլիմպիադան» դեռ չսկսված, արդեն իսկ անախորժություններ ու խայտառակ դրսեւորումներ (շատերը նախընտրում են անվանել սկանդալային) են արձանագրվել: Միաժամանակ սոցցանցերի հայկական հատվածում ուշագրավ արծարծումներով քննարկվում է այս «մարզական խաղերին» Հայաստանի պատվիրակության մասնակցության հարցը:
Բայց ամենից առաջ մերոնց մասին: Հայաստանի մարզական պատվիրակության առաջին խումբը՝ վեց հոգի, բարեհաջող հասել է Բաքու եւ, դատելով մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի հաղորդած տեղեկություններից, ամեն ինչ նորմալ է, իրենց անվտանգությունն ապահովված է:
Նա նաեւ հաղորդել է, որ Բաքվի «Օլիմպիական ավանում» պատրաստվում են մեր պատվիրակության կեցավայրի մոտ, ինչպես ընդունված է, բարձրացնել Հայաստանի դրոշը: Հավելենք, որ Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանը մտադիր է ներկայանալ 25 մարզիկներով, որոնք հանդես կգան ըմբշամարտի, բռնցքամարտի, սամբոյի, ձյուդոյի, թհեքվանդոյի եւ հրաձգության մրցումներում:
Ի դեպ, երեկ հենց հիշյալ «Օլիմպիական ավանում» դժբախտ պատահար է տեղի ունեցել: Դեռեւս անհայտ հանգամանքներում ավտոբուսը վրաերթի է ենթարկել Ավստրիայի գեղալողի (սինքրոն լող) հավաքականի մարզուհիներին: Վրաերթի հետեւանքով երկու մարզուհիներ ծանր վնասվածքներ են ստացել, եւ նրանց անմիջապես օդանավով տեղափոխել են Վիեննա:
Հասկանալի է, իհարկե, որ դժբախտ պատահարներից ոչ ոք երաշխավորված չէ, բայց ակնհայտ է նաեւ, որ տեղի ունեցածը վկայում է ադրբեջանական կողմի անփութության եւ կազմակերպչական ցածր մակարդակի մասին: Հակառակ պարագայում դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե ավտոբուսը միանգամից մի ամբողջ խումբ մարդկանց վրաերթի ենթարկեր «Օլիմպիական ավանում», որտեղ ինքնին անցուդարձը համաչափ պիտի լինի, ինչպես ասվում է՝ ըստ սահմանման: Բայց նման մի պատահար երեւի պիտի տեղի ունենար, որովհետեւ միգուցե անհնար է, որ մի բան Բաքվի ու Ադրբեջանի հետ կապված լինի, ու արյուն չթափվի:
Երեկ, այս տեղեկությանը զուգահեռ, սկսեցին ինտենսիվ լուրեր շրջանառվել նաեւ, որ Բաքվի այդ նույն «Օլիմպիական ավանում» ռուսաստանցի եւ ուկրաինացի մարզիկներն են իրար քիթումռութ ջարդել: Մի խոսքով, սկզբից լեզվակռիվ է ծագել նրանց միջեւ, բայց քանի որ մարզիկները լեզվից այնքան էլ լավ չեն, բանը հասել է բռունցքներին:
Կարելի է չկասկածել, որ առաջիկայում էլի անախորժություններ կլինեն:
Սակայն դա էլ մի կողմ: Բանն այն է, որ ալիեւյան վարչախումբը, որն այդքան լավ է ուզում երեւալ աշխարհին ու մասնավորապես Եվրոպային, արդեն իսկ ցուցադրել է իր բուն «պատկերը», եթե կարելի է ասել՝ ասիական բռնապետական մուղամներով: Մասնավորապես, «Եվրոպական մարզական խաղերի» նախօրեին ադրբեջանական իշխանություններն արգելել են բրիտանական «Գարդիան» հանրահայտ պարբերականի մարզական թղթակցի ու նաեւ մի շարք իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների մուտքը Ադրբեջան:
Ավելին՝ «Սպորտը մարդու համար» պլատֆորմի ակտիվիստուհի Էմմա Հյուզը, որ Բաքվի խաղերը լուսաբանելու համար հավատարմագրված է եղել, Բաքու ժամանելուն պես օդանավակայանում ձերբակալվել է, ապա, կարելի է ասել՝ հետ ուղարկվել: Բանն այն է, որ Էմմա Հյուզն ակտիվորեն փորձել է եվրահանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության վրա: Հաշվի առնելով, որ ակտիվիստուհու «արկածները» ադրբեջանական իշխանությունների հետ են կապված, նա պետք է թերեւս ուրախ լինի, որ ալիեւյան վարչախմբի հրահանգով իրեն չեն սպանել:
Այս ամենը, ինչ խոսք, որոշակիորեն էլ ավելի է բացահայտում ադրբեջանական իշխանությունների իրական բնութագիրը, եւ հասկանալի է, նկատելի չափով չեզոքացնում է նրանց, այսպես ասենք՝ «պիառվելու» ջանքերն ու «ջուրը գցում» կաշառք-նավթադոլարները:
Եթե դրան հավելենք, որ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ գերադասել են ներկա չգտնվել Եվրոպական խաղերի բացման արարողությանը, ապա ադրբեջանական իշխանությունների որոշակի ձախողման պատկերն ավելի ակնհայտ կդառնա:
Թերեւս որեւէ մեկը չի կասկածում, որ այս Եվրոպական խաղերն այնքան էլ մարզական չեն, որքան լինելու են ու վերածվելու են քաղաքական եւ քարոզչական «խաղերի»: Այսինքն՝ արդեն իսկ վերածվել են: Ավելին՝ անկասկած է, որ այս ամբողջ «օլիմպիական» հարայ-հրոցի հիմնական նպատակը Ալիեւի եւ նրա ղեկավարած Ադրբեջանի միջազգային հեղինակությունը բարձրացնելուն կամ «սպիտակացնելուն» են նպատակաուղղված:
Եվ այդ համատեքստում, բնականաբար, չի կարող վերստին հարց չծագել Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության վերաբերյալ: Իսկապես, մեր ինչի՞ն էր պետք մասնակցել մի բանի, որի նպատակը Ալիեւի վարկանիշը բարձրացնելը կամ դրական ներկայացնելն է: Այսօրինակ հարցադրումներ ու քննադատական ակնարկներ երեկ եւս հնչեցնում էին սոցցանցերում, ինչպես ընդունված է ասել՝ բլոգոլորտում:
Հակառակ մոտեցում ունեցողները, մասնակցության կողմնակիցները նշում են Բաքվում հաղթանակի հասնելու եւ ի պատիվ դրա մեր երկրի օրհներգը հնչեցնելու, դրոշն էլ՝ բարձրացնելու պահը: Հասկանալի է, բոլորս էլ կուրախանանք ու կհպարտանանք, եթե որեւէ հայ մարզիկի հաջողվի հաղթանակի հասնել, ինչը մենք եւս ցանկանում ենք, սակայն ինչին գոնե տողերիս հեղինակը գրեթե չի հավատում:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, տարիներ առաջ, շատ ցցուն օրինակ էր, որ ադրբեջանական իշխանությունները նավթադոլարների կապուկներ ու, պատկերավոր ասած, ձկնկիթի սարեր կթափեն, որ նման բան տեղի չունենա: Եթե Ալիեւը կարողացել է մարզական ծախու ղեկավարներից գնել Եվրոպական խաղերը, ապա մի երկու մրցավարն ի՞նչ է, որ չգնեն:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ