Մարտի 9, 1996թ.
Լրացավ հայ ազատագրական պայքարի հերոսամարտիկ, ‹‹Մարտական խաչ›› առաջին աստիճանի շքանշանի ասպետ ՎԱՐԴԱՆ ՌՈԲԵՐՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ (Դուշման) 30-ամյակը։ Շուտով կլրանա չորրորդ տարին, ինչ Վարդանը հավերժողների դասն է անցել, բայց դեռ բաբախում է քաջ հայորդու ազնիվ, անհանգիստ սիրտը զինակիցների հուշերում։
Դեպք Կուրսկի կայարանում
Հյուսիսից Դուշմանի հետ գնացքով վերադառնում էինք Մոսկվա՝ մեզ հետ բերելով Ղարաբաղին այնքան անհրաժեշտ մի քանի ճամպրուկ: Կեսօրին՝ Մոսկվայի մատույցներին մոտենալուց քառորդ ժամ առաջ, անսպասելի վագոն մտավ հսկիչը, և շուտով էլ նրա թթված կերպարանքը երկու փողկապավորի, ոչ պակաս մաղձոտ, ուղեկցությամբ հայտնվեց մեր սրահում: Վարդանը, որ նման դեպքերում տհաճ անակնկալներին հոգեբանորեն հակազդելու մի ինչ-որ հնարանքի անպայման տիրապետում էր, ձևացրեց, թե չի նկատել նրանց ներկայությունը և շարունակում էր շաղակրատել մեզ հետ ճամփորդող կարմրաթուշ քույր պառավների հետ: Եվ երբ փողկապավորներից առաջինը կտրական ոճով դիմեց Վարդանին՝ հարցնելով, թե ովքեր ենք, որտեղից և ուր ենք մեկնում, և թե ինչ ուղեբեռ ենք տանում, հասկացանք, որ մատնություն է եղել, և ես արդեն ակամա ամեն ինչ կորած էի համարում: Մինչդեռ միշտ անկանխատեսելի Դուշմանի արժանապատիվ պահվածքն ու պատասխանը ստիպեցին հարցասեր օտարականներին բավարարվել փաստաթղթերի ստուգումով և պատկառելով էլ հեռանալ. ‹‹Աֆղանական պատերազմում տուժածներ ենք, առողջարանում մեր հիվանդ լյարդն ու երիկամներն էինք բուժում, հիմա էլ վերադառնում ենք տուն, իսկ ավելորդ բեռներ քարշ տալու համար դեռևս լիովին առողջանալ է պետք››,- ասաց Վարդանը: Ո՜վ գիտե, թե իրականում ում կենսական օրգանները նկատի ուներ նա, բայց ճամպրուկներն ապահով տեղում էին՝ յուրաքանչյուր կարմրաթուշ պառավի տակ մեկական ուղեբեռ:
Երևան ուղևորվող գնացքը Մոսկվայի Կուրսկի կայարանից մեկնում էր լուսադեմին, և մինչ մտածում էինք ճամպրուկները ժամանակավորապես պահախցիկում պահ տալ, սպասասրահի իրարանցման մեջ, ասես գետնի տակից մեր առջև բուսավ մի լղպոր միլիցիոներ և սկսեց պահանջել, որ բացենք ճամպրուկները: Վարդանը, որ հավասարակշռված, զուսպ խառնվածքի տեր էր, այդ կպչուն ոստիկանի մուժիկական համառությունից պայթեց ու հայհոյալից սպառնաց. ‹‹Եթե բացեմ, տակդ ես քաքելու, սալագա››:
Տեսնելով ճամպրուկների տարողությունը՝ ջահել ‹‹մենթը›› սարսափից գույնը գցեց՝ կորցնելով կողմնորոշվելու կարողությունը: Օգտվելով վերջինիս կարկամ վիճակից՝ Վարդանը դարձյալ դիմեց օրենքի պաշտպանին. ‹‹Թե որ շարունակես լեզվիդ տալ, քեզ էլ, կայարանն էլ հօդս կցնդեցնեմ: Չորսբոլորն ականապատված է››: Խեղճն առանց այդ էլ հօդս ցնդեց:
Ճամպրուկներն ի վերջո բարեհաջող տեղավորեցին Երևան մեկնող ճապընթացի վագոնում, և ես լուսադեմին ճանապարհ ընկա, իսկ Վարդանը մնաց՝ պատճառաբանելով, թե ինչ-որ անավարտ գործեր ունի: Ու երբ երեք օր հետո ժամանեցի Երևան, տեսնեմ՝ կառամատույցից ձեռքով է անում: Դուշմանն ինքնաթիռով էր եկել ինձ դիմավորելու և ասաց, որ երկուսն արդեն ուղարկել է:
‹‹Սպիտակ արջը››
Գիշերն անցկացրինք Իջևանում: Վարդանն ինչ-որ տեղից դպրոցական քարտեզ էր ձեռք գցել և, տեղանքի ուսումնասիրություն կատարելով, նշումներ էր կատարում՝ մշակելով դեպի Նոյեմբերյան մեր աննկատ անցումը լեռնային կածաններով ու անտառներով, ուր մանուշակագույն բերետները բնակչության շրջանում նախճիր էին սարքել: Սակայն, երկրապահների տագնապի ազդականչը ստանալով, նախապես մշակված մեր մարտավարության ուղին կտրուկ շրջադարձ առավ, և մենք Վարդանի առաջնորդությամբ արձագանքեցինք օգնության կանչին՝ ուղղություն բռնելով դեպի Դիլիջան, որտեղ երկրապահների փոքրաթիվ խմբին հաջողվել էր ժամանակ շահելով խոչընդոտել խորհրդային զորքի առաջխաղացումը: Դուշմանի մտահղացմամբ, տեղ հասնելուն պես կայծակնային հարձակումով հանկարծակիի բերելով զավթիչ ուժերին՝ զինաթափելու էինք ընտիր ստորաբաժանումներից կազմված շարասյունը՝ բացառելով երկրապահների անհավասար ընդհարումը մինչև ատամները զինված խորհրդային զինվորների հետ: Զինաթափումը կատարյալ ստացվեց, այնինչ մնացինք ափիբերան, երբ քիչ անց նկատեցինք դարավանդից մեզ վրա շարժվող T-82 զորեղ տանկը, որի մեր կողմերում երևալը հավասարազոր էր, ասենք, սպիտակ արջի հայտնվելուն…
Տանկից ինչ-որ մեկը մեգաֆոնով խորհուրդ էր տալիս լինել հնազանդ, այլապես մոխրակույտերի կվերածեին շրջակա գյուղերը: Տղերքին կարծես իսկապես էլ հնազանդվելուց բացի ուրիշ ոչինչ չէր մնում անելու, երբ ծայրահեղ իրավիճակից դուրս գալու իր հնարագետ վճռականությամբ փայլեց Վարդանը: Նա ոստնեց- բարձրացավ տանկի վրա և ծեփեց վարորդ- մեխանիկի խցիկի դիտապակին՝ հարկադրելով խորհրդային բանակի անպարտելիությունը խորհրդանշող ռազմական մեքենային անզոր դառնալ տեղում: T-82 տանկն այլևս ‹‹ձեռնասուն›› էր…
‹‹Սնայպերը››
Ազգային-ազատագրական շարժումը հուն էր առել, Ղարաբաղում փոփոխական հաջողությամբ փողոցային մարտեր էին ընթանում գյուղ ու շեների հայ-ադրբեջանական հատվածների միջև: Մեր ջոկատը Դուշմանի գլխավորությամբ տեղակայվել էր Կրկժանի հայաբնակ թաղամասի տներից մեկում, թուրքը մեր նկատմամբ դիրքային առավելություն ուներ՝ հաստատված լինելով ճանապարհի հանդիպակաց կողմի մի բարձրադիր, սպիտակ տան մեջ, որտեղից ամեն օր հմուտ քողարկված նշանառուն աջ ու ձախ գնդակոծում էր գլխավոր ճանապարհով Ստեփանակերտից երթևեկող ավտոները: Մինչ այդ կրակատեղըհայտնաբերելու հետախուզումներն ապարդյուն էին անցել, քանի որ գործ ունեինք բարձրակարգ ‹‹մասնագետի›› հետ, ով իրեն դրսևորել գիտեր օրվա տարբեր ժամերին: Բայց Դուշմանը դրա հախն էլ գիտեր, և վճռեց դիմել ամենավտանգավոր ու թերևս կրակի ճշգրիտ ուղղությունը հայտնաբերելու միակ հնարավոր միջոցին: Մթնշաղին, երբ նույնիսկ բազմահմուտ հրաձիգի համար մինչև նշանակետ տեսանելիության արդյունավետությունը նվազում է, նա դուրս եկավ բաց տարածք և սկսեց որպես քայլող թիրախ ման գալ ճամփեզրի երկայնքով՝ սպասելով կրակոցին: Անհավատալի էր, սակայն նշանառուն երկու անգամ վրիպեց, այդպիսով հնարավորություն տալով մեր պատրաստ դիրքավորված հրացանավորին խավարի մեջ առկայծող վառոդի բռնկումից բացահայտել թշնամու թաքստոցը, ու հաջորդ պահին արդեն թուրք սնայպերը մինչև գոտկատեղը բերանքսիվայր կախ ընկավ դարանից:
‹‹Մեսխեթցի թուրք կանայք››
Ով երբևէ գեթ մի անգամ տեսել է Վարդանին, նրա ժպիտը, չի կարող մոռանալ, չհիշել, որ այն ժպտացող պատանու աչքերում տառապանք կար՝ մի մեծ զգացում, որ լայնահուն հոգու արգասիք էր…
Եվ եթե այսօր էլ ողջ են, ապրում են մեսխեթցի այն կանայք ու մանկտիք, ապա պետք է որ երկյուղածությամբ հիշատակեն արժանահիշատակ էրմանիին…
Տևական, համառ մարտերից հետո մեզ հաջողվեց կոտրել բարձունքին ամրացած հակառակորդի դիմադրությունը և մի վերջին գրոհով վերցնել միակ մարտունակ կրակատեղը, որը Վարդանի արձակած գազային հրթիռից իսկույն տեղի տվեց։ Երեկոյան կողմ Խոջալուն լիովին ազատագրված էր, թուրք գրոհայինները վաղուց լքել էին դիրքերը՝ թողնելով բազմաթիվ դիակներ։ Գյուղում մնացել էին միայն միքանի մեսխեթցի կանայք ու երեխաներ, ովքեր չէին հասցրել հեռանալ կրակի գոտուց, ու հիմա ծնկաչոք Ալլահի ողորմածությունն էին աղերսում։ Նրանց մեջ նոր ծննդաբերած կանայք էլ կային. շուրջը կանանց ու երեխաների լաց ու կական էր։ Վարդանը Ստեփանակերտի կանանց ուղարկած հացը բաժանեց մեսխեթցի կանանց և դեռ նույնիսկ, չգիտես էլ որտեղից, ձեռք բերեց ծծակով մի շիշ, հավաքեց մեր օրապահիկ կաթի փոշին ու սկսեց կերակրել ամենից շատ ճղավող թուրք մանկանը։ Մեզ համար նրա վարմունքը միաժամանակ և՛ արտառոց էր, և՛ ինչ-որ տեղ վիրավորական, բայց Դուշմանի ‹‹տարօրինակությունների›› բնույթը մեզ համար նոր-նոր էր միայն իմաստալի դառնում. ‹‹Իմ պատերազմում կանայք ու երեխաներ չպետք է զոհվեն…››,- ասաց։
Հեղինակ' ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ