Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները միշտ էլ գտնվել են համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Սակայն, վերջին շրջանում, ինչպես այս տարածաշրջանի, այնպես էլ Իրանի նկատմամբ հետաքրքրությունը կրկնապատկվել է' կապված իսլամական աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձությունների հետ:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության ներքաղաքական վիճակին, և մասնավորապես երկրի չորրորդ նախագահ Հասան Ռոհանիի վարած քաղաքականությանը' հարկ է նշել, որ վերջինս, հաղթելով ընտրություններում և, տվյալ շրջանում, վայելելով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի աջակցությունը (առանց հոգևոր առաջնորդի միջամտության քաղաքական որոշումներ չեն կայացվում), անցել էր Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների «զտիչ» քաղաքականություն իրականացնելուն:
Հարկ է նկատել, որ հոգևոր առաջնորդի' երկրի ներքին գործերին միջամտելու հանգամանքը շատ հաճախ, եթե ոչ միշտ, նախագահների և հոգևոր առաջնորդների հարաբերությունների սրման պատճառ է դառնում, իսկ այն դեպքերը, երբ նախագահներն անհանազանդության քայլեր են անում, սկսում են անվանվել «ապստամբության առաջնորդներ»: Որպես օրինակ կարելի է նշել երկրի նախկին նախագահներ Մոհամմադ Խաթամիի և Հաշեմի Ռաֆսանջանիի անունները, քանի որ հոգևոր առաջնորդի հետ ունեցած տարաձայունթյունների և ցուցաբերած անհանդուրժողականության ու անհնազանդության պատճառով Խաթամին ստացավ «կույր փորձագետ», իսկ Ռաֆսանջանին «այլասերված» մականունը: Քիչ չեն նաև դեպքերը, երբ նման պատմություններն ավարտվում են բանտարկություններով և տնային կալանքներով:
Այսօր մի շարք քաղբանտարկյալներ, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել կալանքի ենթարկված նախագահների հետ, նշում են, որ հոգևոր առաջնորդների հետ ունեցած տարաձայնությունների բացակայության դեպքում, վերջիններս դժվար թե կալանավորվեին և հայտնվերին նման իրավիճակում:
Նկատելի է, որ նման մի իրավիճակ հասունանում է նաև այժմ. օր օրի Ռոհանիի և Խամենեիի հարաբերություններն ավելի են սրվում: Վերջին շրջանում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդն ու նախագահը, թեև ոչ բաց տեքստով, սակայն շարունակում են միմյանց «մեսիջներ» ուղղարկել: Առաջնորդների միջև անհամաձայնությունները կապված են հիմնականում միջուկային ծրագրերի շուրջ տարվող բանակցությունների, պատժամիջոցների առկայության պայմաններում' տնտեսության հետագա զարգացման, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման և ներքաղաքական տարաձայնությունների լուծման հետ:
Թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը դեռ վաղ է ասել, սակայն հաշվի առնելով նախորդ տարիների և նախագահների փորձը, ամեն դեպքում, դժվար չէ կանխատեսել թե ապագայում ինչ զարգացումներ են սպասվում:
Տաթև Տիգրանյան