Թուրքիայի խորհրդարանական այս ընտրութուններում հատկապես հետաքրքիր են Թունջելի նահանգում գրանցված արդյունքները, որոնց համաձայն՝ այստեղ հաղթանակ է գրանցել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», մինչդեռ պատմական Դերսիմն ընդգրկող և հիմնականում ալևի զազաներով բնակեցված այս շրջանում նախորդ ընտրություններում հաղթել էին քեմալականներն՝ ի դեմս «Ժողովրդահանրապետական կուսակցության»:
Բան այն է, որ այդ կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլրչդարօղլուն ծագումով ալևի զազա է և սերում է Դերսիմի կուրեյշան աշիրեթի սեյիդական տոհմերից մեկից, ինչը նպաստում էր, որպեսզի ալևիաբնակ այս տարածքում ժողովրդահանրապետականներն արձանագրեին հաջող արդյունքներ՝ չնայած հենց ալևիների դեմ քեմալական Թուրքիայում իրականացված հալածանքների:
Ներկա ընտրություններում քեմալականների առաջնորդի ալևիական ծագումը փաստացիորեն որևէ դերակատարություն չխաղաց, և նաև համաքրդական շարժումների մեջ ակտիվորեն ներգրավված ալևի զազաների մի զգալի մասը Թունջելիում իր ձայներով հաղթանակ պարգևեց Սալահեդդին Դեմիրթաշի կուսակցությանը՝ պատմության ընթացքում առաջին անգամ քրդամետ կուսակցության համար ճանապարհ հարթելով դեպի Թուրքիայի խորհրդարան:
Վարդան Ոսկանյան