Գ.Ծառուկյանի այն հայտարարությունը, թե քաղաքականությունից դուրս է եկել, որպեսզի արյուն չթափվի, հարցեր է առաջացնում:
Նախ, եթե արյուն չթափվելու պայմանը քաղաքականությունից նրա դուրս գալն էր, ապա չի կարելի՞ արդյոք ենթադրել, որ հենց նրա վարած քաղաքականությունն էր տանում արյունահեղության:
Երկրորդ. եթե ոչ թե Գ.Ծառուկյանի վարած քաղաքականությունն էր տանում արյունահեղության, ապա՝ ու՞մ: Ո՞վ էր նախաձեռնելու արյունահեղություն, եթե Գ.Ծառուկյանը դուրս չգար քաղաքականությունից: Ընդդիմադիր մյու՞ս ուժերը՝ ոչ: Հավանաբար՝ իշխանությունները:
Եթե Գ.Ծառուկյանը ենթադրում էր, որ այսօրվա իշխանություններն են նախաձեռնելու արյունահեղություն՝ կոպտորեն խախտելով քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ապա... ապա ինչպե՞ս է Գ.Ծառուկյանը նորից կանգնում իշխանավորների կողքին, ովքեր, ըստ նրա, կարող էին նախաձեռնել արյունահեղություն:
Մի խոսքով, Գ.Ծառուկյանի այդ արդարացումն անտեղի է և չաշխատեց:
Մովսես Դեմիրճյան