Հայաստանյան իրականությունում վերջին մի քանի տարիների ընթացքում մոտեցումները, առաջարկությունները, քաղտեխնոլոգիաները գրեթե նույնն է քաղաքական համակարգի հին և նոր հաստիքային և դեռ արտահաստիքային ընդիմադիր ուժերի կամ խմբավորումների գործելաոճերում: Կարելի է նաև մի քիչ պատկերավոր իրավիճակը համեմատել «պտտվիր, պտտվիր կառուսել, ես քո երգը վաղուց եմ լսել» տողերի հետ:Իրականում, արդեն բազմիցս շրջանառվող մտքերից ու «գաղափարներից» հանրությունը մի տեսակ հոգնել է, չի հավատում, ավելին՝ չի վստահում և կարծում եմ դրա համար որոշ հիմնավորումներ առկա են: Այնպես, որ ամեն տեղից վեր կացող և  «այս հին աշխարհը կքանդենք մենք միչև հիմքերը և հետո...» կարգախոսներով, կամ այս «չարիքի իշխանություններին կվտարենք, նրանք բոբո են, իսկ մենք ՝ հրեշտակ..» և այլ մտածողությունը վաղուց արդեն ժամկետանց է:

 

Փորձվել են այդ մեթոդները և անարդյունք: Իբր բարու և չարի այս անվերջ «պտտվող» «պայքարում» հանրությունը տեսավ մի քանի հանգամանք, և եթե դեռ հույսը չի կորցրել առհավետ ու երբեմն-երբեմն նրա տարբեր շերտեր սատարում են այս կամ այն անձի, քաղաքական ֆունկցիոների մոգոնած «վերջին հույսի», կամ «միակ փրկչի» առասպելներին, ապա պետք է անչափ գոհ լինել ու հասկանալ, որ կա վատ իրավիճակ և այդ իրավիճակից ՀԱՆՐՈՒԹՅԱՆ դուրս գալու ձգտում, բայց չկան խնդիրների լուծման հստակ պատասխաններ, ձևաչափեր , չկան արձանագրված հաջողություններ , որին հավատա հասարակությունը, բացի թերևս որոշ ճարպիկ անհատների իշխանական տաշտակին մոտենալու հանգամանքից:
Բոլորովին վերջերս էլ «շարքից դուրս եկավ» նաև լավ մտածված «վատի» փոխարինումը «պակաս վատով» տեխնոլոգիան և ինչպես սպասվում էր, տեղի ունեցավ նույն ՎԱՏ իշխանությունների հետ ուղղակի ստվերային պայմանավորվածությունների իրականացում:

 

Քսանմյա փորձը բավարար ժամանակահատված է, որ հանրությունը տարբերակի իրեն հուզող խնդիրները քաղաքական ուժերի կողմից իրեն մատուցվող կեղծ խնդիրներից և գիտակցի ու հասկանա, որ ինքը ոչ մի պարտավորություն չունի որևէ իրեն «փրկիչ» կարգած նույնիսկ ոչ քաղաքական գործչի հանդեպ ՝ անկախ նրա անցած ճանապարհից: Ավելի լավ է բարձրաձայնել ճշմարտությունը, ասել, որ իրենք հասու չեն ելքերը ցույց տալու մեջ և դրա փնտրտուքը թողնել հասարակությանը, իսկ հասարակությունը միշտ ի զորու է ելքեր գտնելու մեջ և այն պարտադրելու այս կամ այն քաղաքական գործչին, առաջնորդին, կուսակցությանը, և պահանջի դրանց լուծման համար ՀՍՏԱԿ ու ՀԱՇՎԵՏՈՒ քայլեր:

 

Սանասար Կարապետյան