Մինչ քաղաքական ուժերը փորձում են արձագանքել ու գնահատական տալ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մուտքին քաղաքական դաշտ, գուշակելով, թե ինչ կփոխի ժողովրդի կյանքում ինստիտուցիոնալ հռչակված նորընծա ընդդիմությունը, կրկին անհանգիստ շարժումներ է անում իշխանությունից ինքնաօտարված, ընդդիմության կողմից չընկալված «Օրինաց երկիրը»:
Քաղաքացիական դաշտի այս անմխիթար պրոլետարն անցած կիրակի կուսակցության ընդլայնված նիստ է գումարել, երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դուրս գալու համար կարևորելով միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի ստեղծումը: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նույնիսկ հայտարարել է, թե արդեն քաղաքական կոնսուլտացիաներ են անցկացվել 50-ից ավելի հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք իբր պատրաստակամություն են հայտնել միանալ իրենց նախաձեռնությանը:

 

Թե որոնք են այդ հինգ տասնյակից ավելի կազմակերպությունները, մնում է գուշակել, որովհետև Հայաստանի համեմատաբար հայտնի քաղաքական ուժերը ոչ միայն տեղյակ չեն, չեն հրավիրվել կամ մասնակցել այդ դարակազմիկ կոնսուլտացիաներին, այլև միահամուռ հորդորում են ՕԵԿ-ին առանցքում լինելու հավակնություններ չդրսևորել: Թե ՀԱԿ-ը, թե Ժառանգությունը, թե մյուսները խոսքով կողմ են լայն ֆորմատով համագործակցությանը և միասնական օրակարգին, սակայն ՕԵԿ-ին կոչ են անում ճշտել իր առաջարկի սկզբունքները, «բարեփոխում, իշխանափոխություն թափառող ձևակերպումների փոխարեն միասնական օրակարգի հիմքում դնել առողջ, թափանցիկ, ժողովրդի համար համոզիչ շեշտադրումներ»:
Այն, որ հայրենի ընդդիմությունը կասկածանքով է վերաբերվում ՕԵԿ-ի առաջարկներին, բազմաթիվ հիմնավորումներ ունի:

 

Իր 25-ամյա գործունեության ընթացքում ՕԵԿ-ը մեկ անգամ չէ, որ կտրուկ կերպարանափոխվել է, վճռական պահին դրժել սկզբունքներն ու ժողովրդին տված խոստումները, հարմար պահին հարմար գնով վաճառել բազմաթիվ ընտրողների վստահությունը: Եվ բնական է, որ ընդդիմադիր դաշտը ՕԵԿ-ին ու Արթուր Բաղդասարյանին հորդորում է առանցքում լինելու հավակնություն չդրսևորել, որքան էլ ախորժակը մեծ է:
Հ.Գ. Ժողովրդական իմաստությունը հուշում է. «Ամեն մարդ պետք է իմանա իր գինը, բայց ոչ վաճառվելու համար»:

 

Արմեն Վարդանյան