Հայաստանի տնտեսության զարգացման վրա ազդող հիմնական ճյուղերից մեկը' գյուղատնտեսության ոլորտն է: Վերջինիս զարգացման հիմնական խոչընդոտները արտադրության մեկնարկային ռեսուրսների բացակայությունն ու բնական արհավիրքներն են:

 


Եթե փորձենք վերլուծել սույն 2 խնդիրները, ապա կարող ենք փաստել, որ առաջինը գտնվում է զուտ ֆինանսական հարթության վրա և արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել դրա խելամիտ լուծման համար (որպես օրինակ' 8% տոկոսադրույքով վարկերի տրամադրումը): Թերևս, երկրորդ խնդրի լուծումն անհամեմատ բարդ է, քանի որ դրանցից միայն մի քանիսի կանխարգելումն է հնարավոր առկա միջոցներով:
Բնական աղետների թվին է պատկանում կարկտահարությունը, որի կանխարգելման համար գրեթե բոլոր մարզերում ներդրվել են հակակարկտային համակարգեր: Այս հարցը մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:

 


Այսօր տեղի ունեցած նիստում վարչապետը կրկին անդրադարձել է կարկտահարության թեմային: Աբրահամյանը ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին հանձնարարել է ներկայացնել, թե հակակարկտային կայանների պահանջարկը որքան է: Նա նաև հանձնարարել է ուսումնասիրել կարկտահարության հետևանքները: Արդեն հաջորդ նիստի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարը, կառավարությանը պետք է ներկայացնի, թե օրերս տեղացած կարկտահարությունից որքան կորուստներ է կրել գյուղացիական տնտեսությունը:

 


Հուսանք, որ տարվա բարեհաջող մեկնարկը կշարունակվի ու կունենանք առատ բերք, որն էլ կբավարարի, թե՛ ներքին պահանջարկի և թե՛ արտաքին պահանջարկի լրացման համար:

 

 

 

Անի Սանոսյան