Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ էլելկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցին սպասվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման ճակատագիրը՝ ստոպ են տալու։ Հօգուտ այս վարկածի խոսում է նաև այն, որ կարծես թե կրկնվում է նույն սցենարը, ինչ տրանսպորտի թանկացման ժամանակ. բուռն և ահագնացոող հանրային արձագանքին աստիճանաբար միանում են իշխանության ու էլիտայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր սովորաբար խիստ զգույշ են իրենց պատասխաններում լինում ու լղոզված բաներ են ասում, բայց արդեն տեսնում ենք պատգամավորներիո ու նախարարների մի ամբողջ շքերթ, ովքեր բացահայտ կերպով ասում են, որ ՀԷՑ-ը չափերն անցնում է և որ սպառողը չպետք է վճարի՝ իրենց արած սխալների համար։

 

Սա միայն մի բանի մասին է խոսում. կա քաղաքական որոշում՝ սակագինը թանկացնել թույլ չտալու մասով։ Թե ինչի հետ է ապված այդ որոշումը, առայժմ դժվարանում եմ ասել, քանի որ սա կարելի է մեկնաբանել ինչպես պոպուլիստական քայլ՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ, այնպես էլ ավելի նեղ՝ տնտեսական լուծում հանդիսացող քայլ, որի նպատակն է «ստիպել» (չակերտներով եմ գրում, քանզի դատելով ՀԷՑ-ի ու ռուսական կողմի հեզ կեցվածքին՝ այս որոշումը կարծես թե համաձայնեցված է) ՀԷՑ-ին, որպեսզի այն սնանկ ճանաչի իրեն ու տեղի ունենա ընկերության ազգայնացում՝ հետագա վերավաճառքի նպատակով։
Երկու դեպքում էլ հակված եմ մտածելու, որ այնուամենայնիվ իշխանությունների ու վերնախավի մոտ կա հստակ գիտակցություն, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կլցնի համբերության բաժակը ու հղի է սոցիալական բունտով, որն ամենևին էլ ցանկալի չէ։ Ամեն դեպքում, կարծես թե լավ շոու է ստացվում։ Ինչպես կասեին հռոմեացիք՝ «Հաց ու տեսարաններ»։ Դե իսկ ժողովուրդն էլ հերթական «հաղթանակը» կտանի ու էլի մի քանի ամսով կթուլացնի իր զգոնությունը և կվերականգնի համբերության պաշարները։

 

Գեղամ Ասլամազյան