Թուրքիայում առկա տարբեր «սինդրոմները» չեն վերանում, այլ ըստ առաջնահերթության դրանք վերափոխվում են, հարմարեցվում ու վերաձևակերպվում ըստ տվյալ իշխանությունների տեսլականի ու աշխարհընկալումների: Ներկայում էլ ԱԶԿ-ն, որն ի սկզբանե փորձում էր և քայլեր էր ձեռնարկում տարբեր այդ «սինդրոմների», «դավադրությունների տեսությունների», «կարծրատիպերի» ու նաև «տաբուների» կազմաքանդման ուղղությամբ, որդեգրել է դրանք սեփական աշխարհընկալման ու հանրային հավաքական ընկալման համատեքստում մատուցելու ուրույն քաղաքականություն: Փաստերը շատ են' արտաքին քաղաքականությունից մինչև ներքին սոցիալական գործընթացներ:

 

Մեկ թարմ օրինակ. Անկարայի քաղաքապետ Մ. Գյոքչեքը, վերջերս հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտարարել է, որ «Քրդստանի բանվորական կուսակցությունը հայկական կազմակերպություն է, որի նպատակը Թուրքիայի արևելյան հատվածի մասնատումն է քրդերի միջոցով»: Սա նոր պնդում չէ, ավելի քան 2 տասնամյակի պարբերաբար շրջանառվող «վարկած»' թուրքական «դավադրական տեսությունների» շղթայական համակարգում:

 

Լևոն Հովսեփյան