Մի երկու օր առաջ համացանցում տեսա Գելափի էս տարվա մի հարցման արդյունքներ, որոնց թողած սարսափելի տպավորությունը արդեն քանի օր ա չի մեղմանում, ընդհակառակը' ինչքան մտածում եմ, էնքան ավելի եմ վատանում: Հարցումը վերաբերում ա աթեիստ կամ հավատացյալ լինելուն: Հարցման արդյունքները ամփոփված են երկու վերին-տասնյակներով: Առաջինը' ամենաաթեիստ բնակչություն ունեցող երկրների տասնյակ, երկրորդը' ամենահավատացյալ բնակչությունն ունեցող երկրների տասնյակ: Որտե՞ղ ա Հայաստանը ձեր կարծիքով: Գուցեեւ գուշակեցիք' երկրորդ տասնյակում: Բայց տեղը, եթե իհարկե հարցման արդյունքներին ծանոթ չեք, դժվար գուշակեք: Հայաստանը երրորդն ա' Գանայից ու Նիգերիայից հետո:

Հայաստանցիների 92 տոկոսը, հարցման արդյունքներով, իրան համարել ա հավատացյալ: Իրանց համոզված աթեիստ համարողները կազմում են 2 տոկոս (կարելի ա մխիթարվել' Գանայում աթեիստները 0 տոկոս են, մենք առաջ ենք):

Ի՞նչ ա սա նշանակում:

Դուք հո իսկականից չե՞ք հավատում, թե իրանց հավատացյալ անվանած էդ 92 տոկոս հայաստանցիները իսկապես հավատացյալ են: Էդ 92 տոկոսի մեջ հավատացյալ լինեն, շատ շատ, մի երկու տոկոսը: Հո ուրիշ երկիր չի, մեր ապրած երկիրն ա չէ՞, եթե երկու տոկոսից զգալի ավել լինեին' պետք ա զգացած լինեինք որ կան, որ երկու տոկոսից ավել են:

Բա ովքե՞ր են էն 90 տոկոսը:

Էն 90 տոկոսը նրանք են, որ ոչ աթեիստ լինելու քաջությունն ունեն, ոչ հավատացյալ լինելու հետեւողականությունը: Էն 90 տոկոսը կեղծավորներն են:

Իմ աչքի առաջ Հայաստանում լիքը սարսափելի բաներ էին եղել' ես ոչ մի անգամ չէր եղել որ վախենամ: Բայց էս հարցման արդյունքներին նայելով' ես վախենում եմ:

90 տոկոս կեղծավորների հետ ի՞նչ ա հնարավոր անել:

Մարինե Պետրոսյան