Այսօր Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում տեղի է ունեցել ուսումնական տարվա ավարտը եզրափակող «Վերջին զանգ»-ի տոնական արարողություն:
Դպրոցն այս տարի թողարկել է 154 շրջանավարտ:

 

Շրջանավարտներին իր շնորհավորական խոսքն է ուղղել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Ես պատգամում եմ, որ չմոռանաք Ձեր հայրենիքը ու հայրենիքի կատարածը Ձեր համար: Կյանքում միշտ կհիշեք, որ Ձեր հաջողությունները պայմանավորված են Ձեր հայրենիքով: Շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, որը հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ: Մաղթում եմ հաջողություններ կյանքի բոլոր բնագավառներում և լսելով Ձեր ձեռքբերումները՝ համոզված եմ, որ Դուք կլինեք մեր երկրի արժանի հետնորդները: Բարի երթ դեպի նոր կյանք»,-ասել է Ա. Հարությունյանը:
Շնորհավորական խոսք է հղել նաև ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, ով մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին նկատվում է աշակերտների և մանկավարժների լուրջ մոտեցումն՝ ուսման գործին, ինչը պարզ է դառնում առարկայական օլիմպիադաների և ինտելեկտուալ խաղերի, ինչպես նաև գերատեսչական ստուգումների արդյունքներից:

 

Այնուհետև շրջանավարտները հանդես են եկել շնորհակալական խոսքերով, հայրենասիրական երգերով, ազգագրական ու դպրոցական վալս պարերով:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանը, ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը , պաշտոնատար այլ անձինք, ծնողներ և հյուրեր:

 


Վրեժ Հովսեփյան