Սիրիա-իրաքյան սահմանագծի գրեթե ողջ երկայնքն «Իսլամական պետության» կողմից վերահսկողության տակ վերցնելը ստիպել է նույնիսկ աշխարհի հզորագույն պետության նախագահին արտաբերելու «նահանջ» բառը: Չնայած ԱՄՆ-ի նախագահը խոսել է զուտ մարտավարական նահանջի մասին, այսուհանդերձ ակնհայտ է, որ դաշնակիցների ուժերի ավիահարվարծների քաղաքականությունն, ինչպես ցույց է տալիս դեպքերի ընթացքը, փաստացիորեն անարդյունավետ քայլ էր:

 

Մինչ քաղաքական և զինվորական գործիչները փորձում են իրականում անհիմն հիմնավորումներ գտնել՝ բացատրելու «Իսլամական պետության» այսօրինակ կենսունակության «առեղծվածը», քաղցկեղի նման իր շոշափուկները տարածող ահաբեկչական այս գոյացությունն արդեն իսկ ակնհայտորեն վտանգում է ոչ միայն Սիրիայի և Իրաքի պետությունների գոյության հանգամանքն ինքնին, այլև մարտահրավեր նետում մարդկության քաղաքակրթական հիշողությունը՝ բարբարոսաբար ավերելով նաև այն՝ ի դեմս հռչակավոր պատմական հուշարձանների և հնավայրերի:

 

Առավել վտանգավոր է սակայն այն հանգամանքը, որ համաշխարհային հանրության համար այլևս «զարմանալի» չեն նույնիսկ «Իսլամական պետության» յուրաքանչյուր առաջխաղացումն ուղեկցող աննախադեպ մարդկային աղետները, որոնք իրենց բարձրակետին հասան Հյուսիսային Իրաքի եզդիների ցեղասպանությամբ, մինչդեռ իսլամական ահաբեկիչների՝ Սիրիայի ալավիաբնակ շրջաններ հնարավոր մուտքի դեպքում ակնկալվող վայրագությունները և սպանդը անվերապահորեն կգերազանցեն նույնիսկ Սինջարի աղետի ծավալները՝ մերձավորարևելյան հնագույն քաղաքակրթական տարածքներից մեկը ևս վերածելով արյան գետերով պատված հերթական անապատի:

 

Վարդան Ոսկանյան