Դեռևս 2009թ. մայիսին ՀՀ կառավարությունն իր որոշմամբ արգելել էր հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում իրականացվող ստուգումները. նպատակը ոլորտի անվտանգության ապահովումն էր և հնարավոր ռիսկերի կանխարգելումը:
Ավելի ուշ' 2013թ., գործադիրն հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կանոնադրությունը, որի 8- րդ կետի 1- ին ենթակետի համաձայն տեսչությունն իրականացնում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը:
Այս պարտականությունը հնարավոր չէր իրականացնել կառավարության վերը նշված արգելքի պատճառով: Չուշացան նաև սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները չպահպանելու հետևանքով արձանագրված դեպքերը, որոնցից ամենազանգվածայինը 2014թ. Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորումն էր:
Կառավարությունը կրկին ձեռնամուխ եղավ որոշման նոր նախագծի մշակմանը, սակայն հաշվի առնելով տեսչական բարեփոխման հայեցակարգի դրույթները, որոնց համաձայն ստուգում իրականացնող բոլոր մարմինները պետք է անցում կատարեն դեպի ռիսկի վրա հիմնված համակարգ, իրենց ռեսուրսներն ուղղեն առավել ռիսկային օբյեկտների ստուգմանը: Միևնույն ժամանակ ստուգումը պետք է իրականացվի նախօրոք հաստատված ստուգաթերթերի հիման վրա, որտեղ պետք է ներկայացված լինեն տվյալ տնտեսվարող սուբյեկտին վերաբերող ամփոփիչ հարցերը:
Կառավարությունը 2013թ. հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգման ստուգաթերթերը, որոնք վերաբերում են սանիտարական օրենսդրության պահանջների կատարված լինելը պարզելուն' զետեղված հսկողական հարցերով: Հաստատվածներից են նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների ստուգաթերթերը:
Այսպիսով, կառավարության առաջիկա' մայիսի 21- ի նիստում, վերացնելով մանկական հիմնարկներում տիրող սանիտարական իրավիճակի ստուգման իր իսկ սահմանած արգելքը, կառավարությունը վերը նշված տեսչությանը հնարավորություն կտա երեխաների խնամքի հաստատություններում անցկացնել համակարգված ստուգումներ և խուսափել հետագա խնդիրներից:
Արմեն Վարդանյան