Նախօրեին, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի' արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում' նվիրված քաղաքի ազատագրման 23-ամյակին:

 

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պատվիրակություններ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից, Երևանից, ՀՀ Երկրապահ կամավորական միության վարչությունից, երիտասարդներ Ստեփանակերտից, ովքեր ծաղիկներ են դրել արցախյան ազատամարտում զոհվածների հուշակոթողին:

 

Բերձորի ազատագրման 23-ամյակի առթիվ իր շնորհավորական խոսքում Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ շրջկենտրոնի ազատագրմամբ ոչ միայն ցամաքային կապ է ստեղծվել Մայր Հայաստանի հետ, այլև դրվել է հայոց պատմական հայրենիքի մի հատվածի՝ Քաշաթաղի ամբողջական ազատագրման հիմքը:

 

Վարչապետը նկատել է, որ Քաշաթաղը ներկայումս հանրապետության առաջանցիկ տեմպերով զարգացող շրջաններից է, հատկապես մեծ ձեռքբերում է արձանագրվել ծնունդների թվի աննախադեպ աճի առումով: Ա. Հարությունյանը հավաստիացրեց, որ այսուհետ ևս Արցախի իշխանությունները կշարունակեն քայլեր ձեռնարկել շրջանի խնդիրների լուծման, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և տնտեսական զարգացման շարունակականությունն ապահովելու համար:
Այնուհետև վարչապետը արժեքավոր նվերներ է հանձնել մարտական գործողություններին մասնակցած մի խումբ ազատամարտիկների, ինչպես նաև իրենց գործում լավագույնը ճանաչված ուսուցիչների:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շրջանի նորընտիր պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը և ազատամարտիկներ:
Բերձորի 23-ամյակի կապակցությամբ արցախյան ազատամարտի մի շարք մասնակիցներ, ինչպես նաև շրջանի զարգացման գործում զգալի ավանդ ներդրած տարբեր բնագավառների աշխատակիցներ պարգևատրվել են ԼՂՀ Ազատամարտիկների միության, ՀՀ ԵԿՄ-ի հուշամեդալներով ու թանկարժեք նվերներով:

 

Հանդիսավոր միջոցառումից հետո վարչապետ Արայիկ Հարությունյանը, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը և միջոցառման մյուս մասնակիցներն այցելել են Բերձորի պատմաերկրագիտական թանգարան և քաղաքային գրադարան, որտեղ ծանոթացել են ներկայացված ցուցանմուշներին:
Վարչապետը հետաքրքվել է այդ մշակութային օջախների խնդիրներով' խոստացել աջակցել դրանց լուծմանը: Այնուհետև Ա. Հարությունյանը ներկա է եղել քաղաքում անցկացվող բիլիարդի մրցաշարի եզրափակիչ փուլին՝ նվիրված Բերձորի ազատագրման 23-ամյակին:
Նշենք, որ տոնակատարությունների շրջանակում Բերձորի Վեհափառի հրապարակում կայացել է տոնական համերգ, որն ավարտվել է շքեղ հրավառությամբ:

 

Վրեժ Հովսեփյան