Բերձորի ազատագրումը մայիսյան հաղթանակների շարունակությունն է: Այն կարեւորագույն նշանակություն ունի հայության համար: Բերձորի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը:
Մինչ այդ Արցախը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Սնունդ, դեղորայք, ռազմամթերք, վառելիքի նվազագույն քանակ հնարավոր էր հասցնել միայն ուղղաթիռներով:

 

Շուշիի հաղթանակից հետո ռազմական մյուս մեծ հաջողությունը Լաչինի ազատագրումն էր: Լաչինը վերածվել էր Արցախը Հայաստանից մեկուսացնող գլխավոր ռազմական հենակետի, հետեւաբար, Լաչինի ռազմական հենակետի վնասազերծումը կենսական նշանակություն ուներ շուրջ չորս տարի շարունակվող շրջափակումը վերացնելու եւ Հայաստանի հետ ցամաքային կապը վերականգնելու համար:
1992-ի մայիսի 17-ին եւ 18-ին ծավալված ռազմական գործողության արդյունքում ինքնապաշտպանական ուժերն իրենց վերահսկողության տակ վերցրին Ծաղկաձոր, Կանաչ տալա, Մեծշեն, Հինշեն գյուղերը: Մայիսի 18-ին ղարաբաղյան զինվորական միավորումները մտան Լաչին:
Արցախի համար Լաչինի ազատագրումը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցավ: Անհնար էր շրջափակման մեջ գտնվող երկրամասի գոյատեւումը:

 

Այն, ինչ տեղի ունեցավ 1992 թվականի մայիսի 18-ին, սոսկ քաղաքի ազատագրում չէր, այն ազատամարտիկների կենաց ու մահու կռիվ էր, ցավոք' ոչ առանց կորուստների:
Լաչինն այժմ հպարտությամբ կրում է պատմական Բերձոր անունը, այն Քաշաթաղի շրջկենտրոնն է:
Այսօր ԼՂՀ-ի հարավ-արեւմտյան այս շրջանի համար կարեւորագույն հարցեր են վերաբնակեցումն ու տնտեսության զարգացումը:

 


Վրեժ Հովսեփյան