Բագրատյանի հարցը օդում կախված է մնացել

 

Եվրասիական տնտեսական միության տնտեսության և ֆինանսների քաղաքականության հանձնաժողովի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովը Հայաստանում շահութահարկի և եկամտահարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների մասին ուշագրավ կարծիք է հայտնել: Ըստ նրա, ուղղակի հարկատեսակների՝ եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերի վերաբերյալ ԵՏՄ անդամ պետությունները միմյանց նկատմամբ պարտավորություններ չունեն. «Սա ազգային իրավասության ենթակա հարց է, և դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է»:
Փաստորեն, Հայաստանի կառավարությունը հենց այդպես էլ վարվել է. հայրենի ընդդիմության կողմից այդքան քննադատված որոշումն ընդունել է՝ ելնելով իր երկրի տնտեսական, արդյունաբերական, սոցիալական խնդիրներից ու շահերից:

 

Եվ այդ մասին «Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ» երևալու տենչով տոգորված հայրենի ընդդիմադիրներին ի լուր ասում է ԵՏՄ անդամ մեկ այլ պետության նախարարը:
Մինչդեռ, օդում կախված է մնում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հռետորական հարցը. «Իսկ դուք Ռուսաստանին հարցրել ե՞ք»:

 

Պարզվում է՝ բոլորին տնտեսագիտական և այլ դասեր տվող Հրանտ Բագրատյանը լավ չի ուսումնասիրել ԵՏՄ հարկային քաղաքականությունը, որտեղ, ինչպես ԵՄ-ի պարագայում, միության անդամ երկրների հարկային ինքնիշխանությունը սրբորեն պահպանվում է:

 

Կարեն Մկոյան