Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իբրև թե պարզաբանում է տարածել Թուրքիայից ներկրված թռչնամսի հնարավոր վտանգների վերաբերյալ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ պատրաստակամ են համագործակցության, կողմնակից՝ առողջ քննադատության: Հաղորդագրության մեջ չեն մոռացել անգամ սովորեցնել ԶԼՄ ներկայացուցիչներին ճիշտ աշխատել՝ հորդորելով նախքան խուճապ առաջացնող տեղեկատվության հրապարակումը թեմայի առնչությամբ պարզաբանումներ ստանալ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Տեղեկացնեմ, որ մամուլում առկա են բազում հրապարակումներ առ այն, որ «ՍԱՊԾ-ից տեղեկացրեցին, թե չեն կարող տեղեկատվություն տրամադրել» կամ «ՍԱՊԾ-ն այդպես էլ չպատասխանեց այս կամ այն հարցին»:
«Թռչնաբույծների միության» նախագահը Թուրքիայից թռչնի ներկրումը որակել է որպես անպատասխանատվություն, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է լուրջ խնդիրներ ստեղծել: Եթե անգամ երջանիկ պատահականությամբ անփույթ աշխատանքը բացասական հետևանքներ չի ունեցել, դա դեռ չի նշանակում, որ ծառայությունը չի գործել անփույթ և իր գործունեությունը չէր կարող ունենալ խիստ ծանր հետևանքներ:
Իսկ ծառայությունն իրեն թույլ է տալիս ոչ մասնագիտական և չհիմնավորված համարել անգամ «Թռչնաբույծների միության» նախագահի խոսքը և նույն հաղորդագրությամբ կոչ է անում ԶԼՄ ներկայացուցիչներին պարզաբանումներ ստանալ մասնագետներից. Եթե «Թռչնաբույծների միության» նախագահը մասնագետ չէ, ապա ո՞վ է մասնագետը. Բանասեր, պատմության ուսուցիչ ծառայության պետը, թե թուրքագետ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Իբրև թե պարզաբանմամբ այդպես էլ չեն տրվել հիմնական հարցերի պատասխանները՝
• Ի՞նչպես ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայց ներկրումն արգելեց ավելի ուշ, քան Ադրբեջանը:
• Ինչպե՞ս ստացվեց, որ չնայած հրամանով արգելքը չի տարածվում մինչև ապրիլի 23-ը Թուրքիայից արտահանված մթերքի վրա (այսինքն տարածվում է ապրիլի 23-ից հետո արտահանված բոլոր մթերքների վրա), սակայն մայիսի 6-ին Հայաստան Թուրքիայից թռչուն է ներմուծվում:
• Եթե այդքան հեշտ է տարբերակել կենդանին հիվանդ է, թե առողջ, և առանց խնդիրներ ունենալու կարելի է ներկրում իրականացնել, ո՞րն էր անհրաժեշտությունն արգելք սահմանելու:
• Արդյո՞ք Ծառայությունը նախօրոք տեղյակ չէր, որ Թուրքիայից պետք է թռչուններ ներկրվեն, և եթե ոչ, ապա ինչպես են առանց նախնական թույլտվությանն ներկրում իրականացնել:
Հասարակության մոտ խուճապ է առաջանում, քանզի տրված չեն հենց այս հարցերի պատասխանները և ոչ այն պատճառով, որ ԶԼՄ ներկայացուցիչները կամ քաղաքացիներն ընդամենը բարձրաձայնում են, որ չկան այս հարցերի պատասխանները:
Կոչ եմ անում սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ պարզաբանումներ տալիս ուրիշներին աշխատել սովորեցնելու փոխարեն ընդամնեը կատարել իրենց աշխատանքը և պատասխանել բարձրաձայնված հարցերին:
Էդգար Խաչատրյան