ՀՀ-ում գնաճային ճնշումների թուլացում է նկատվում, որի հետևանքով այն ապրիլին դարձյալ վերադարձել է նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։
Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական ապրանքների գների միջին աճը կազմել է 4,8%, որն էլ նախորդ ամսվա նույն ցուցանիշից պակաս է 1%-ով։ Հիշեցնենք, որ մարտին 12-ամսյա գնաճը Հայաստանում գերազանցեց 5,8%-ը։
Գնաճի մեղմացման վրա ազդել են հիմնականում պարենային ապրանքների շուկաներում արձանագրված դրսևորումները։

 


Բոլորին է հայտնի, որ արտաքին գնաճային միջավայրն այս տարի բավական բարենպաստ է։ Միջազգային տնտեսական գործընթացների և պահանջարկի կրճատման կամ դանդաղ աճի հետևանքով հումքային ապրանքների գները էական փոփոխության չեն ենթարկվում։ Թերևս պատահական չէ, որ այդ հատվածից Կենտրոնական դրամատունը վտանգավոր զարգացումներ հիմնականում չի սպասում։ Ավելին, ներմուծվող առանձին ապրանքների շուկաներում նույնիսկ արձանագրվել են գնանկումային երևույթներ։

 

Մասնավորապես ապրիլին նախորդ ամսվա համեմատ շաքարավազի գինը իջել է 3%։ Արտաքին շուկաների հետ կապված մեկ այլ ապրանքախումբ՝ ի դեմս կենդանական և բյուսական յուղերի, էժանացել է 3,7%։ Գնանկումը պայմանավորված է եղել հիմնականում կարագի և արևածաղկի յուղի գների նվազմամբ։ Կարագի դեպքում այն հասել է ընդհուպ մինչեւ 5,4%։
Հարկ է նշել նաև, որ գնաճի թուլացման վրա դրական ազդեցություն է թողել նաև պարենային ապրանքների ներքին շուկան՝ թելադրված հիմնականում գյուղատնտեսության ոլորտից։ Սեզոնայնության գործոնով պայմանավորված՝ ապրիլին որոշ գյուղմթերքներ սկսել են էժանանալ։ Հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները, պետք է ենթադրել, որ այդ միտումը կշարունակվի նաեւ առաջիկայում։

 


Թեև դա դեռ չի նշանակում, թե այս տարի Հայաստանում գնաճի խնդիրն այլեւս լուծված կարելի է համարել։ Դատելով էներգետիկ ընկերությունների ներկայացրած սակագնային հայտերից եւ դրանցում ներառված առաջարկություններից՝ շատ լուրջ ռիսկեր են սկսվում նշմարվել էլեկտրաէներգիայի գների հնարավոր բարձրացման հետ կապված։

 

 

 

Կարեն Մկոյան